Գագիկ Բեգլարյան. «Մայիսի 31-ը պաշտոն ունենալու, իշխանափոխության կամ քաղաքական դիվիդենտ շահելու օր չէ»

Հայաստան -- Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպում է ընտրողների հետ, 19 մայիսի, 2009

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու նրա թիմակիցները երեքշաբթի Նորք-Մարաշի եկեղեցու բակում հանդիպեցին համայնքի ընտրողներին։

Մինչ քաղաքապետի այցը, հավաքվածներին զբաղեցնում էին հրավիրված երգիչ երգչուհիները։ Իր ելույթից առաջ Գագիկ Բեգլարյանը ծաղկեպսակ դրեց հոկտեմբերի 27-ին զոհված Ազգային Ժողովի պատգամավոր Արմենակ Արմենակյանի շիրիմին, ապա ողջունեց հավաքվածներին։ Երեւանի քաղաքապետի թեկնածուն խոստացավ անել ամեն ինչ, որ համայնքները զարգանան համաչափ։

«Մայիսի 31-ը ոչ մեկի համար պաշտոն ունենալու, քաղաքապետարանում բաժնի պետ կամ վարչության պետ աշխատելու, իշխանափոխության կամ քաղաքական դիվիդենտ շահելու օր չէ։ Մայիսի 31ը մեր՝ երեւանցիներիս ծննդյան օրն է լինելու։ Մենք բոլորս մայիսի 31-ին քվեարկելու ենք այնպես, որ կարողանանք ապագա 4 տարին ապրենք մեր երազած Երեւանում», - հանդիպման եկածներին հավաստիացրեց Գագիկ Բեգլարյանը։

Հանրապետականի թեկնածուն խոստացավ նաեւ կրկնապատկել իր աշխատանքները ընտրողների ձայների շնորհիվ եւ դիմելով ընտրողներին ասաց, թե աշխատելու են մեկ ընտանիքի նման։

Ընտրողների հետ Հանրապետականի թեկնածուների հանդիպմանը ներկա էր մի քանի հարյուր մարդ։