Ղարաբաղի նախագահը Երեւանում է

Երեւանում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն կնպաստի Ղարաբաղի ինքնուրույն կառույցների կայացմանը:

Այնուհետեւ կայացել է առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի գործակցությանը վերաբերող հարցեր:

Տիգրան Սարգսյանի հետ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղում ընթացող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ, անդրադարձել ֆինանսատնտեսական ճգնաժամի մեղմման ուղղությամբ Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների կատարած քայլերին: