Մայիսի 19-ի մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Եթե նախընտրական քարոզարշավը շարունակվի նույն տեմպերով, մինչեւ ընտրությունները ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի շարքերում «սաղլամ» մարդ չի մնա: Համենայն դեպս, այդ «քաղաքական ուժերի» միջեւ բախումներն օրեցօր ավելի ու ավելի կատաղի ու դիտարժան են դառնում: Ի դեպ, նման «ռազբորկաները» սովորաբար տեղի են ունենում այն դեպքերում, երբ վեճի առարկան կոնկրետ ունեցվածք է կամ «քյաշ փող»: Սա նշանակում է, որ իշխող կոալիցիան Երեւան քաղաքը հենց որպես կոնկրետ ունեցվածք էլ գնահատում է: Ամեն օր շարունակվող այս «ռազբորկաները» ոչ միայն իշխանության թուլության մասին են վկայում, այլեւ ապացուցում են, որ իշխանությունները մտադիր չեն նորմալ ընտրություններ անցկացնել եւ հույսը դրել են միայն ընտրակեղծիքների վրա: Բանն այն է, որ եթե իշխանությունները որոշեին նորմալ ընտրություններ անցկացնել, այդ «ռազբորկաները» միանգամից կկորցնեին իրենց իմաստը»:

«Ազգ»-ը զրուցել է Երեւանի քաղաքապետ եւ Հանրապետական կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի հետ: Նա ասում է. - «Մեր բնակչությանը արդարացիորեն շարունակում են անհանգստացնել քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղումները, ապօրինի շինարարությունը: Այստեղ վճռական միջամտությամբ վերջնական կարգուկանոն հաստատելը վաղուց անհետաձգելի անհրաժեշտություն է դարձել»: Իսկ ապօրինի շինարարության մասին, ըստ Գագիկ Բեգլարյանի «շատ կարեւոր է մոտեցման արդարացիությունը»: «Ինձ համար հավասարապես մերժելի են բոլոր այն շինությունները, որոնք չեն ընդունվել հասարակության եւ բնակչության կողմից, խանգարում են նրանց: Նույնիսկ եթե ունեն կառուցման համապատասխան թույլտվություններ եւ ձեւակերպումներ: Արդարացի չէ 16 հարկանի շինությունը, որ իր տեղում չի կանգնած, 100 տարի խանգարելու է քաղաքային կյանքին եւ շրջապատին, օրինական համարել, իսկ պատժամիջոցներ կիրառել փոքրիկ տանը կից, ոչ մեկի չխանգարող 2 քառակուսի մետրանոց կցակառույցի տիրոջ նկատմամբ», - ընդգծում է Երեւանի քաղաքապետը:

«Ժամանակ»-ը գրում է. - «Քաղբանտարկյալների հանդեպ ռեպրեսիաների եւ նրանց անհիմն դատապարտումների գնով ընդդիմությանը կազմաքանդելու նպատակ հետապնդող, ընդդիմությանը հարված հասցնելու նպատակ ունեցող իշխանությունն իրականում մեծ հարված է հասցնում դատական համակարգին, դրա հեղինակությանը: Դատարանները այսօր հայտնվել են անապացուցելին ապացուցելու տխուր իրողության առաջ, որը դատարաններին դահլիճում վերածում է զավեշտի, իսկ զավեշտն էլ` ցավի, քանի որ դատարանը դա պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, իշխանության կարեւոր մի օղակ, որը վճիռներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն` հանդիսանում է պետականության խորհրդանիշը: Հետեւաբար, ամեն մի դատական նիստ վեր է ածվում պետության ոչնչացման, ընդ որում` հիմնովին ոչնչացման: Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք այս տեսքով է միշտ լինելու այդ համակարգը եւ արդյո՞ք այս հեղինակությամբ: Մի՞թե իշխանությունը չի գիտակցում, որ չարժե քաղաքական հարցերը լուծել պետական հիմքերին անխնա հարվածներ հասցնելով, քաղաքացիների աչքին պետության կարեւոր հենասյուներից մեկը` դատական համակարգը հիմնովին ցեխոտելով, հեղինակազրկելով»:

«Կապիտալ»-ը մեկնաբանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը «Իտոգի» ամսագրին, որտեղ նախարարը հայտարարել է. - «Ռուսաստանի Դաշնությունն արդեն զգալի միջոցներ է հատկացրել Բելառուսին, Ղրղըզստանին եւ Հայաստանին»։ «Փաստորեն, ըստ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարության, Հայաստանն արդեն ստացել է խոստացված 500 միլիոն դոլարը կամ դրա մի մասը, սակայն այդ մասին չգիտի։ Եթե Լավրովի հայտարարությունն իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա անհասկանալի է, թե ինչու են այդ մասին լռում հայ պաշտոնյաները: Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնյաները (նախարար Տիգրան Դավթյանը, փոխնախարար Պավել Սաֆարյանը) բազմիցս հայտարարել են, որ կայունացման վարկերի ստացումը ենթադրվում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Հիմք չունենք ենթադրելու, որ Հայաստանը ստացել է ռուսական վարկը կամ դրա մի մասը. հակառակ պարագայում հայ պաշտոնյաներն այդ մասին անմիջապես կազդարարեին»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Մինչ ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը փորձում է հասնել նրան, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր` քաղբանտարկյալների խնդրով համազեկուցող նշանակվի, ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակներից մեկը եւս նման նախաձեռնություն է հանդես բերել: ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը մայիսի 5-ին դիմում է ներկայացրել` Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների խնդրով հատուկ զեկուցող նշանակելու հարցը ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ»: