Հովիկ Աբրահամյանը կանխատեսում է կալանավորված պատգամավորների գործով «դրական լուծում»

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի երկուշաբթի օրվա նիստում համոզմունք հայտնեց, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ԱԺ-ի երեք պատգամավորների հետ կապված գործընթացները «ունենալու են դրական արդյունք»:

Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգը հաստատելիս, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հարցրեց, թե ինչո՞ւ օրակարգում ընդգրկված չէ Ազգային ժողովի կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի կողմից ապրիլի 9-ից շրջանառության մեջ դրված նախագիծը` իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը վերականգնելու վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. - «Մենք գործընթացներին հետեւում ենք: Ես համոզված եմ, որ այդ գործընթացները դրական են ընթանում եւ մենք ունենալու ենք դրական արդյունք: Ես նույնպես մտահոգ եմ, որ մեր երեք գործընկերների այդ գործընթացները ստանան դրական լուծում»

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին` այս առումով լրացուցիչ պարզաբանումներ տալ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե չի կարող բացել փակագծերը, հավելելով` «բայց դուք իմ խոսքին հավատացեք եւ վստահեք»:

Անցած տարվա մարտի 4-ին Ազգային ժողովը բավարարեց պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին կալանավորելու` գլխավոր դատախազության միջնորդությունը:

Նշված պատգամավորները մեղադրվում են «սպանությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններ հրահրելու» մեջ: