Սամվել Նիկոյանը ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

Հայաստան --Սամվել Նիկոյան, Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ

Ազգային ժողովի երկուշաբթի կայացած նիստում փակ քվեարկությամբ խորհրդարանի փոխնախագահ ընտրվեց Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, իսկ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Խորհրդարանի փոխնախագահի տեղը թափուր էր մնացել իշխող կոալիցիայի կազմից Հայ հեղափոխական դաշնակցության դուրս գալուց եւ դաշնակցական պաշտոնյաների հրաժարականներից հետո, իսկ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնն ազատվեց, երբ Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշանակվեց կրթության եւ գիտության նախարար:

Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին զուգընթաց Սամվել Նիկոյանը կշարունակի գլխավորել նաեւ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը:

Մինչեւ քվեարկության անցնելը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հարց հնչեցրեց, թե արյո՞ք Սամվել Նիկոյանը կարող է համատեղել այդ երկու պաշտոնները:

«Կարծում եմ, որ այո: Դրանք համատեղել կարող ենք: Բացի սպանության դեպքերի հետ կապված բացահայտումներից հանձնաժողովը ունի բավարար հիմքեր, իր եզրակացությունը անելու համար», - պատասխանեց Նիկոյանը:

Ավելի ուշ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր, որ արդեն ոչ հեռու ապագայում ժամանակավոր հանձնաժողովը միջանկյալ զեկույցով հանդես գա, Նիկոյանը արձագանքեց. - «Հանձնաժողովը սպասում է Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսմանը եւ հանձնաժողովը սպասում է նաեւ նախաքննական մարմնին»:

Մարիսի 4-ից արձակուրդ գնալու պատճառով գործունեությունը ժամանակավորապես կասեցրած Փաստահավաք խումբը այսօր արդեն վերսկսել է աշխատանքները: