Սերժ Սարգսյան. «Այս աղետը պետք է ահազանգ լինի»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ այցելեց «Նաիրիտ» քիմիական գործարան, որտեղ նախօրեին տեղի ունեցած պայթյուններից զոհվել էին գործարանի 4 աշխատակիցները:

«Ցավոք սրտի այս աղետը ուղեկցվել է զոհերով: Ես խորապես ցավակցում եմ զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: Ես կարծում եմ, որ մենք պետք է դասեր քաղենք: Այս աղետը մեկ անգամ եւս պետք է ահազանգ լինի հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների համար: Փառք աստծո, որ ավելի շատ զոհեր չեն եղել», - ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ աղետը իսկական փորձություն էր հանրապետության համապատասխան ծառայությունների համար։ Նախագահը նաեւ հավելեց, որ դեռ երեկ ցուցում է տվել, որպեսզի քննություն անցկացվի` տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

«Նաիրիտ» էր այցելել նաեւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Ըստ նրա, նախնական ուսումնասիրություններից պարզվել է, որ արտադրամասը մեկ ամսից կրկին կարող է գործել, իսկ վերկանգնման աշխատանքների համար կպահանջվի մոտ 150 հազար դոլար։ Նախարարը բացառեց «Նաիրիտը» ընդհանրապես փակելու հնարավորությունը. - «Գործարանը պետք է աշխատի, վերականգնողական աշխատանքները պետք է շարունակվեն»:

Որպես պայթյունների հնարավոր պատճառ նախարար Արեմն Մովսիսյանը նշեց հետեւյալը. - «Ինչ-որ տեխնոլոգիական պրոցեսի խախտում է տեղի ունեցել, բայց մինչեւ այդ նորմալ աշխատել է: Ի՞նչն է եղել պատճառը տեխնոլոգիական պրոցեսի խախտման` ուսումնասիրությունները ցույց կտան»:

«Նաիրիտ» ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը դժվարացավ նշել ամսաթիվը, թե երբ է ընկերությունում վերջին անգամ տեխնիկական անվտանգության ստուգում անցկացվել, սակայն պնդեց, որ այն եղել է օրենքով սահմանված ժամկետում։

Երեկ, պայթյունից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Նաիրիտի» քլորոպրենի արտադրամասի մի աշխատակից ասաց, թե գրեթե ուշադրություն չի դարձվում տեխնիկական անվտանգությանը։ Այս կապակցությամբ, ընկերության գլխավոր տնօրենի արձագանքը հետեւյալն էր. - «Իհարկե, համեմատած սովետական տարիներին, որոշակի կորուստ ունեցել ենք թե՜ կարգապահության, թե ռեգլամենտավորման: Բայց վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ աշխատանք է տարվել»: