«Նաիրիտ»-ում տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ

Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում հինգշաբթի օրը տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։

«Հայտնաբերվեց չորրորդ դիակը, եւ, փաստորեն, որոնողական աշխատանքները սրանով ավարտվեցին, որովհետեւ այդ արտադրամասում վթարի պահին եղել էին չորս հոգի», - այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:

«Ամբողջ գիշեր դեպքի վայրում հերթապահում էին «Նաիրիտ»-ի հրշեջներն ու մեր 8-րդ հրշեջ մասի, ինչպես նաեւ Արագ արձագանքման փրկարար ջոկատի մարտիկները: Կրակը հանգցված է, բոլոր հետեւանքները վերացված են, հայտնաբերված են բոլոր զոհվածները», - ասաց Գրիգորյանը:

Նրա վկայությամբ` հիվանդանոց դիմած բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից:

«Նաիրիտ» գործարանի 1.12Բ քլորոպրենի արտադրամասում հինգշաբթի օրը երկու պայթյուն է տեղի ունեցե`լ ժամը 16:40-ի եւ ժամը 20:25-ի սահմաններում:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: