Գագիկ Խաչատրյան. «Պետք է կարողանանք ստվերից հարկերը շատ բերել»

Հայաստանում հարկերի հավաքման դինամիկան «նորմալ է»` հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի գնահատական է հնչեցրել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

«Ապրիլ ամսվա հավաքագրումը` հարկային մասով, հավաքել ենք այնքան, ինչքան 2008 թվականի ապրիլ ամսին: Այս ճգնաժամի պայմաններում համարյա հավաքել ենք նույնը, շատ քիչ տարբերությամբ: Մաքսային մասով, քանի որ սահմանին ունենք շուրջ 22-25 տոկոս ներկրման ծավալների նվազեցում, այնտեղ էլ հավաքել ենք գրեթե այնքան, ինչ անցած տարվա նույն ժամանակաշրջանը»:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի փոխանցմամբ, 2009-ի ապրիլ ամսին պետբյուջեի մաքսային եկամուտները կազմել են 16,6 միլիարդ դրամ` նախորդ տարվա ապրիլին հավաքագրված 17,4 միլիարդի դիմաց, իսկ հարկային մուտքերը կազմել են 29,7 միլիարդ, նախորդ տարվա 30,029 միլիարդի փոխարեն: Ընդհանուր առմամբ` նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ հարկային եւ մաքսային մուտքերը նվազել են 2.3 տոկոսով:

«Մենք հիմա լուրջ ուշադրություն ենք դարձնում ստվերին: Պետք է կարողանանք ստվերից հարկերը շատ բերել», - նշեց Գագիկ Խաչատրյանը` պարզաբանելով հարկային մուտքերի նման մակարդակն ապահովելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ռազմավարությունը:

Այս տարվա առաջին եռամսյակում պետական եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էին 16,7 տոկոսով եւ կազմել 106,6 միլիարդ դրամ: Միաժամանակ, առաջին եռամսյակում գրանցվել էր համախառն ներքին արդյունքի նվազում` 6.1 տոկոսով:

2009-ի մարտի 26-ի կառավարության նիստում, հաշվի առնելով առաջին եռամսյակում պետեկամուտների հավաքագրման ցածր մակարդակը, որոշում էր ընդունվել 2009 թվականի բյուջեի ծախսերի եռամսյակային համամասնություններում կատարել փոփոխություններ եւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում նախատեսված բյուջեի ծախսային մասից 4-րդ եռամսյակ տեղափոխել շուրջ 131 միլիարդ դրամ: