«Խաղաղության եւ մարդու իրավունքների հարավկովկասյան կինոփառատոնը» աշնանը կհասնի Հայաստան եւ Արցախ

Թեպետ խրամատից խրամատ տարածությունը երբեմն 50 մետրի էլ չի հասնում, այն անցնելու մասին չեն մտածում, քանի որ խենթություն է՝ կամ զոհվելու ես, կամ գերի ես ընկնելու: Սակայն ճանապարհը, որը վախենում է անցնել մարդը՝ արվեստն է անցնում:

«Խաղաղության եւ մարդու իրավունքների հարավկովկասյան կինոփառատոնի» կարգախոսն է «Ես մա՜րդ եմ»: Փառատոնի նախաձեռնողն ու հովանավորն են «Վրաստան եւ Բաց հասարակություն» եւ «Հենրիխ Բյոլ» հիմնադրամերը: Այս տարվա փառատոնը երրորդն է: Ոչ մրցութային այս կինոփառատոնին ներկայացվում են վավերագրական ֆիլմեր ամբողջ աշխարհից:

Ժապավենները ցուցադրվում են Հարավային Կովկասի բոլոր շրջաններում: Բնականաբար, նույն ֆիլմը կարող է կողմերի մոտ տարբեր եւ իրարամերժ արձագանքներ հարուցել: Կարեւորն այն է, որ փառատոնը դիտողին տալիս է հակառակ կողմի ցավն ու վախը, դիրքորոշումն ու հույսը հասկանալու հնարավորություն:

Անցյալ տարվա ժապավեններից մեկնաբանները գովեստով են խոսել «Հանդիպման վայրը» (բեմադրիչ Ռոնիթ Ավնիշ, ԱՄՆ), «Համաձայնություն» (բեմադրիչ Նիկոլա Վադիմոֆ, Շվեյցարիա), «Երջանկության թշնամիները» (բեմադրիչ Էվա Մուլվադ, Դանիա) եւ «Սպիտակ ագռավներ եւ չեչենական մղձավանջ» (բեմադրիչներ Յոհան Ֆայնդթ եւ Տամարա Տրամպե, Գերմանիա) ֆիլմերի մասին:

Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնում կինոփառատոնի ծրագրի մենեջեր Միխեիլ Միրզիաշվիլին՝ խոսելով անցյալ տարվա ռուս – վրացական պատերազմի մասին, դառնությամբ ասել է. - «Մենք հերթական անգամ տանուլ ենք տվել խաղաղությունը»:

Մենեջերի խոսքերով, փառատոնը բնավ չի սահմանափակվում տարածաշրջանի ֆիլմերով:

«Փառատոնի նպատակը այն է, որ Հարավային Կովկասի մարդիկ միավորվեն համակամարտությունների խաղաղ կարգավորման գաղափարի շուրջ», - ասել է Միրզիաշվիլին:

Կինոփառատոնն արդեն մեկնարկել է՝ առաջին ցուցադրումն ապրիլի 14-ին էր՝ Զուգդիդիում, այս օրերին այն անցնում է Աբխազիայում, մայիսի վերջին կհասնի Բաքու, ապա՝ Ցխինվալ:

Սեպետմբերի 8-ին փառատոնը կհասնի Հայաստան. առաջին ցուցադրումը նախատեսված է Նոյեմբերյանում, ապա Վանաձորում, Գյումրիում, Երեւանում, Եղեգնաձորում:

Հոկտեմբերի 1-ին ֆիլմերը կցուցադրվեն Ստեփանակերտում, հետո էլ Շուշիում, Հադրութում եւ վերջին ցուցադրումը՝ վերստին Ստեփանակերտում: