Ուսամա Բին Լադենը սպանվել է Պակիստանում

Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաղորդել է, որ ծովային հետեւակի հատուկ ստորաբաժանումը ոչնչացրել է մոլորակի թիվ մեկ ահաբեկչին։

«Ալ-Ղաեդա» («Հենակետ») ահաբեկչական ընդհատակյա կառույցի հիմնադիր Ուսամա Բին Լադենին Պակիստանում ոչնչացնելու մասին լուրը Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ ցնծությամբ են ընդունել։


Խանդավառված ամերիկացիներից շատերը նախագահի նստավայրի մոտ են բերել տարբեր պաստառներ, այդ թվում մեկը «Օբամա–Ուսամա 1-0» գրությամբ։ Նրանք ծածանել են ազգային դրոշը, վանկարկել են «USA! USA! USA!» եւ կատարել ԱՄՆ-ի օրհներգը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մոլորակի թիվ մեկ ահաբեկչի չեզոքացումն անվանել է առավել նշանակալից հանգրվանն «Ալ-Ղաեդա»-ին պարտության մատնելու երկարատեւ պայքարում։

«Այսօր ես կարող եմ զեկուցել Ամերիկայի ժողովրդին եւ աշխարհին` ԱՄՆ-ը իրականացրել է գործողություն, որի ընթացքում «Ալ-Ղաեդայի» առաջնորդը, հազարավոր անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանության համար պատասխանատվություն կրող Ուսամա Բին Լադենը ոչնչացվել է»,- ասել է նախագահ Բարաք Օբաման։

«Նրա մահը չի նշանակում, թե մենք այլեւս կարող ենք ջանք չգործադրել, կասկած չկա, որ «Ալ-Ղաեդան» շարունակելու է հարձակվել մեզ վրա։ Մենք պարտավոր ենք զգոն լինել թե' տանը եւ թե' արտասահմանում»,- ասել է Բարաք Օբաման։


Ամերիկյան հատուկ ծառայության ուժերը Ուսամա Բին Լադենին ոչնչացրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աբոթաբադ ավանում։

Ամերիկացիները անցյալ տարվա օգոստոսին են տեղեկություններ ստացել Բին Լադենի թաքնվելու վայրի մասին։ Այս տարվա մարտին դա հաստատվել է, եւ նախագահ Օբաման կարգադրել է նրան «ձերբակալել կամ սպանել»։

Օբաման ասել է, որ անցած ուրբաթ օրն է հավանություն տվել գործողությանը` ամեն ինչ ծանր ու թեթեւ անելուց եւ դրական ելքի հավանականության մեջ համոզվելուց հետո։

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահը Սպիտակ տանն անձամբ հսկել է գրոհի ընթացքը։ Նրա խոսքերով, հաջողությունը պայմանավորված է Պակիստանի իշխանությունների եւ հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։

Բուն գործողությունն իրականացրել է ամերիկյան ծովային հետեւակի (SEAL) ստորաբաժանումը: Այն սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես գիշերը ժամը 1-ին եւ մի քանի րոպե է տեւել։

Ստորաբաժանման չորս ուղղաթիռներից մեկը խփվել է Բին Լադենի համալիրի տանիքին դիրքավորված զինյալի կողմից եւ վայր ընկել, սակայն ո'չ անձնակազմը եւ ո'չ էլ դեսանտայինները չեն տուժել։


Ամերիկացիները կայծակնային օպերացիայի ընթացքում ոչ միայն կորուստներ չեն կրել, այլեւ տնից դուրս են հանել փոխհրաձգության ընթացքում սպանված Բին Լադենի դին։ Դեսանտայիններից մեկը Ուսամայի գլխին է գնդակ արձակել։

Գործողության ժամանակ սպանվել է համալիրը պաշտպանող եւս երեք տղամարդ, այդ թվում Բին Լադենի որդիներից մեկը, սակայն նրա անունը տակավին չի հաղորդվել։ Զոհվել է նաեւ մի կին, որի թիկունքում թաքնված զինյալը փորձել է կրակ արձակել դեսանտայինների վրա։

Ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչել են մի անանուն պաշտոնյայի, ով ասել է, որ ահաբեկչի դին դուրս հանելուց, լուսանկարելուց եւ DNA ստուգման համար արյան եւ հյուսվածքի նմուշներ վերցնելուց հետո դեսանտայինների թիմը «ծովն է նետել Ուսամա Բին Լադենի դին»։

Լուրը հայտնած պաշտոնյան չի նշել, թե կոնկրետ որ ծովում է իր վերջին հանգրվանը գտել ահաբեկիչը, միայն ասել է, որ նրան այդպես արագ «թաղել են», քանի որ դա է պահանջում իսլամի կանոնը։

Ուսամա Բին Լադենը կազմակերպել էր 2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունը եւ դրան նախորդած ու հաջորդած բազմաթիվ այլ գրոհներ։ Նա իր բոլոր ելույթներում աջակիցներին կոչ է արել «անխնա սպանել թշնամիներին, ավերել նրանց տնտեսությունը, բոլոր միջոցներով վնաս հասցնել Իսլամի դեմ անարդար պատերազմ մղող անհավատներին»։

Բին Լադենի պնդմամբ, անհավատներին, ամերիկացիներին եւ ընդհանրապես Արեւմուտքի ներկայացուցիչներին պետք է «ջիհադ»` սրբազան պատերազմ հայտարարել, քանի որ նրանք սրբապիղծ են. սատարում են Իսրայելին եւ զորք են տեղակայել մահմեդականների սրբավայր Արաբական թերակղզում։

Երեկվա գործողությունից հետո դիմելով ամերիկացիներին` նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմ է մղում ոչ թե իսլամի, այլ ահաբեկիչների դեմ, որոնց «բիրտ գրոհներից նախ եւ առաջ մահմեդականներն են տուժել»։

«Մենք հաստատում ենք, որ ԱՄՆ-ը երբեւէ չի պատերազմել եւ չի պատերազմի իսլամի դեմ։ Ես, ինչպես եւ նախկինում դա արել է նախագահ Ջորջ Բուշը, հայտարարում եմ, որ սա իսլամի դեմ կռիվ չէ, եւ Բին Լադենը մահմեդական լիդեր չէ, նա մահմեդականների զանգվածային սպանդի կազմակերպիչ է, նա մեծ թվով մահմեդականներ է կոտորել շատ երկրներում, այդ թվում մեր երկրում։ Նրա անհետանալը պետք է ողջունեն բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղության եւ մարդու արժանապատվության գաղափարներին»,- ասել է Բարաք Օբաման։

Օբաման իր խոսքում դիմել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի ազգականներին եւ բարեկամներին` ասելով, որ ԱՄՆ-ը կատարում է խոստումը այդ աննախադեպ ահաբեկչության կազմակերպիչներին վաղ թե ուշ պատժելու մասին։ Նա հավաստիացրել է, որ հետայսու էլ Միացյալ Նահանգները արժանի հակահարվածով կպատասխանի ցանկացած ոտնձգությանը։

Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում մահմեդական աշխարհից, ողջունել են ամերիկյան ծովային հետեւակի իրականացրած գործողությունը։