Չինական ընկերության խոստացած ներդրումները դեռեւս չեն կատարվել

Չինական Fortune Oil ընկերությունը դեռեւս չի վճարել 24 միլիոն դոլար գումարը հայկական «Նագին» ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսի ձեռք բերման դիմաց:

Այս գործարքի առնչությամբ լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռվել էր բնապահպանության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի վրա:

«Հետք» պարբերականի հրապարակած տեղեկատվության համաձայն, մինչ այժմ անհայտ «Նագին» ընկերության բաժնետերեր են Վարդան Այվազյանի որդին` Սուրեն Այվազյանը, եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

«Ոչ մի միլիոն էլ չեն տվել, որ 35 տոկոսը վերցնեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ գործարքը ընթացքի մեջ է:

Փետրվարին, հանդիպելով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, Fortune Oil ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են շուրջ կես միլիարդ դոլարի ներդրումներ իրականացնել Հայաստանի հանքահումքային ոլորտում:

Your browser doesn’t support HTML5

Չինական ընկերության խոստացած ներդրումները դեռեւս չեն կատարվել