Վանաձորցի տարեցները պահանջում են վերադարձնել իրենց ավանդները

Վանաձորցի տարեցները պահանջում են վերադարձնել իրենց ավանդները

Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանը այցելել է Լոռու մարզ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանը այցելել է Լոռու մարզ:

Վանաձորցի տարեցները, տեղեկանալով նախարարի այցի մասին, եկել էին Լոռու մարզպետարան նախարարին անձամբ հարցնելու, թե ե՞րբ են վերադարձնելու իրենց ավանդները:

«Գոնե ինչ-որ տալու են, տան, 73 տարեկան եմ, կարող է վաղը մեռնեմ, էլ ե՞րբ են ինձ տալու ինձ էդ փողը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր այնտեղ եկած կանանցից մեկը:

Նախարար Արթուր Գրիգորյանը հանդիպեց մի քանի տարեցի հետ, տեղեկանալով ներկայացվող խնդրի մասին, խոստացավ օրենքի սահմաններում լուծում տալ դրան:

Մնացած տարեցների ու հաշմանդամների խնդիրները քննարկեցին նախարարության տարբեր վարչության աշխատակիցները: Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը եւ Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, հանդիպելով ավանդատուներին, կրկին հայտնեցին, որ փոխհատուցում են միայն նրանց ավանդները, ովքեր 2005-2006 թվականներին ընդգրկված են եղել ընտանեկան նպաստի համակարգում:

«Ցավոք սրտի, այսօր նման որեւէ կարգ, լրացուցիչ հաշվառում առայժմ չկա», - տեղեկացրեց Աստղիկ Մինասյանը:

Այս հայտարարությունը հարուցեց տարեցների դժգոհությունը, որոնք ասում էին, թե պաշտոնյաների թանկարժեք մեքենաների ու դղյակների գումարները թող ուղղեն իրենց ավանդների վերադարձնելուն:

Նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարկ է փոփոխման ենթարկել ավանդների փոխհատուցման օրենսդրությունը` հաշվի առնելով ավանդատուների տարիքը, բայց թե ինչպես եւ ինչ լուծումներ կտան այդ հարցին, այս թեմայով առայժմ վաղ է խոսել:

Նախարարության տվյալներով` 1993 թվականին Հայաստանում հաշվառված էր ավելի քան 1 միլիոն ավանդային գրքույկ, որոնցում նշված գումարները կազմում են 12-14 միլիարդ դոլար: Կառավարությունը 2006-ից մինչ այժմ փոխհատուցել է այն ավանդատուների կեսին, որոնք ներառված են փոխհատուցման ծրագրում:

Your browser doesn’t support HTML5

Վանաձորցի տարեցները պահանջում են վերադարձնել իրենց ավանդները