Տեր-Պետրոսյան «Երկխոսության դուռը կիսաբաց է»

Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում: 28-ը ապրիլի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ արտոնված հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում:
Ապրիլի 28-ի հանրահավաքի իր ելույթում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

Բազմահազար հանրահավաքանների առջեւ, բացի Զուրաբյանից, արդեն ելույթ են ունեցել դերասան Աշոտ Ադամյանը, վերջերս ազատ արձակված նախկին բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Հայաստանը կանգնած է անհետաձգելի սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության, կամ այլ կերպ ասած, իր ապագայի կերտման ճամփաբաժանի առջեւ», - նշեց նա` մանրամասնելով. - «Այդ բարեփոխումներից ամենահրատապները, պահանջների ձեւով, արտացոլված են մարտի 1-ի հանրահավաքում համընդհանուր քվեարկությամբ ընդունված մեր հայտարարության մեջ։ Դրանցից առանձնացված երեք հայտնի պահանջները, ինչպես հստակորեն ներկայացրել ու բազմիցս կրկնել ենք, վերաբերում են միայն մեր ընդարձակ ծրագրի իրականացման առաջին փուլին, եւ այդ առանձնացումն ամենեւին չի նշանակում, որ Հայ Ազգային Կոնգրեսը հրաժարվել է մնացյալ տասներկու պահանջներից, ինչպիսի կասկած փորձում են սերմանել ոմանք»:


«Քանի դեռ Հայաստանի քաղաքական մթնոլորտը չի առողջացել, քանի դեռ իրական երկխոսություն չի սկսվել իշխանության եւ հասարակության միջեւ, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ձեռնարկման կամ ժողովրդի անհուսալի վիճակի բարելավման մասին խոսակցությունները լուրջ չի կարելի համարել», - շարունակեց Տեր-Պետրոսյանը: - «Իսկ քաղաքական մթնոլորտի առողջացման եւ երկխոսության ծավալման միակ միջոցը այդ երեք պահանջների շուտափույթ կատարումն է։ Չհասկանալ այս ճշմարտությունը, նշանակում է՝ ընդհանրապես ոչինչ չհասկանալ քաղաքականությունից։ Իսկ նսեմացնել այդ պահանջների արժեքը, նշանակում է՝ խափանել կամ առնվազն դժվարացնել քաղաքական մթնոլորտի առողջացման, հետեւաբար նաեւ՝ բարեփոխումների իրականացման ու ժողովրդի վիճակի թեթեւացման գործը»:

Կոնգրեսի առաջնորդը ընդծեց, որ մեր խնդիրները «միջազգային հանրությունը չէ, որ լուծելու է». - «Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար։ Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը եւ վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհի»:

Հիշեցնելով նախորդ հանրահավաքում իր հնչեցրածը, թե «ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»` կախված ընդդիմության երեք հիմնական պահանջների կատարումից` Տեր-Պետրոսյանը ասաց, որ այդ պահանջներից երկուսը (Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը եւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու հավաստիացումը) կատարված են. - « Ինչ վերաբերում է երրորդ՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին, ապա ժամկետային կամ ֆորմալ առումով այն կատարված չէ»։

Տեր-Պետրոսյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետեւյալ հատվածը. - «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր հանրապետության 20-ամյակը։ Եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաեւ այս օրերին ենք միջոցառումներ անցկացնում, եւ այդ միջոցառումները տեւելու են ոչ թե մինչեւ սեպտեմբերի 21-ը, այլ նաեւ մինչեւ տարվա վերջ։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս, մեր ժողովրդի համար հաջողությունների ամիս, հաղթանակների ամիս։ Մենք մայիսին տոնելու ենք նաեւ Հանրապետության օրը՝ տոն, որ շատ լուրջ դասերով է լի, եւ այդ դասերն այսօր էլ են արդիական։ ...Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն իսկ հանձնարարել եմ Արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»:

Այնուհետեւ շարունակեց. - «Հանրապետության օրվա հիշատակումը, լիցքաթափման քայլերի մասին ասված խոսքերը եւ Արդարադատության նախարարին տրված հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ»:

«Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը», - եզրափակեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը։

ՀԱԿ-ի առաջնորդները չխրախուսեցին նստացույցը Ազատության հրապարակում

Հանրահավաքն ավարտվեց Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացված երթով: Երթի ավարտին, երբ ցուցարարները վերադարձան
Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջնորդում է ընդդիմադիրների երթը:
Ազատության հրապարակ, նրանցից ոմանք որոշեցին նստացույց հայտարարել եւ մնալ Ազատության հրապարակում, սակայն Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները չխրախուսեցին դա` խորհուրդ տալով մեկ ամիս էլ սպասել եւ տեսնել` իշխանությունները ընդդիմության բոլոր պահանջները կատարո՞ւմ են, թե՞ ոչ:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. - «Եթե մեր պահանջները ընդհանրապես կատարված չլինեին, եւ ոչ մի միտում չլիներ, որ դա պիտի կատարվի, մենք, իհարկե, չէինք երկարաձգի որեւէ ժամկետ: Բայց քանի որ իշխանությունը ինքը նախաձեռնել է, երկու պահանջ կատարել է, մենք, բնականաբար, այդ շանսը տվել ենք: Այսօր չենք խրախուսում [նստացույցը], բայց ես խոստացա նաեւ, որ եթե պետք լինի` ես էլ կգամ եւ կնստեմ նստացույցի, երբ տեսնեմ, որ դա ամենաճիշտ միջոցն է եւ այլընտրանք չկա»:

«Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը մնում է օրակարգում»

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մինչեւ մայիսի 31-ը իր երրորդ պահանջի չկատարման դեպքում ի՞նչ գործողությունների կարող է դիմել Հայ ազգային կոնգրեսը, Զուրաբյանը պատասխանեց. - «Չէ, մենք վստահ ենք, որ այս պրոցեսը բերելու է տրամաբանական ավարտի, երկխոսությունը գնալու է հենց արտահերթ ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման շուրջ»:

Նա հավաստիացրեց, որ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պահանջը մնում է Հայ ազգային կոնգրեսի օրակարգում. - «Պահանջները մնում են մեր օրակարգի մեջ` ոչ միայն մնում են, այլ դրանք ամենակարեւոր պահանջներն են` երեւի քաղբանտարկյալների ազատումից հետո, որովհետեւ մեր երկիրը չի կարող կայանալ եւ փրկվել այն անդունդից, որի մեջ գլորվում է, եթե օր առաջ չկայանան արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: