Մայիսի 9-ի մամուլ

«Ժամանակ»-ը, անդրադառնալով Պրահայում կայացած հանդիպումներին, գրում է. - «Ներկայումս Հայաստանում որեւէ մեկը չունի այն սոցիոլոգիական պատկերը, որը կարող է քիչ թե շատ մոտավոր պատկերացում տալ հայաստանցիների եւ ղարաբաղցիների հավանական արձագանքի մասին: Անորոշ է, թե ինչ ռեակցիա կլինի կոնկրետ առարկայական գործողությունների պարագայում, առավել եւս` եթե դրան ավելացնենք ներքաղաքական գործոնը: Չէ՞ որ Ղարաբաղի հարցը միշտ եղել է, կա ու կլինի Հայաստանի ներքաղաքական զարգացումների կարեւոր գործոն»:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով օրվա խորհրդին, գրում է. - «Եկեք ընդունենք, որ այս մի պատերազմի վետերանների նկատմամբ հասարակության վերաբերմունքը անվերապահ չէ, եւ դրա պատճառն էլ հայտնի է. 94-ի զինադադարից հետո այդ վետերանների որոշ մասը, որը մոտ էր կանգնած իշխանություններին, կոչվեց «երկրապահ», եւ նրանց տրվեցին տնտեսական ու քաղաքական լծակներ, տոնավաճառներ, բարդակներ ու այլ բիզնեսներ: Երկրապահներին հնարավորություն տրվեց խախտել օրենքները, անպատժելիորեն ծեծել մարդկանց, խլել ունեցվածքը, մասնակցել ընտրությունների կեղծմանը, նրանք սկսեցին շրջել «ջիպերով» ու արհամարհել մնացած քաղաքացիներին: 98-ի սկզբին երկրապահները դարձան պալատական հեղաշրջման «շարժիչ ուժը», երբ մի գիշերում խորհրդարանի բոլոր պատեհապաշտները «գրվեցին երկրապահ»: 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, փաստորեն, տեղի ունեցավ եւս մի հեղաշրջում, եւ երկրապահները նոր իշխանությանը այլեւս պետք չեկան. նրանք դադարեցին ռեժիմի հիմնասյունը լինելուց` իրենց տեղը զիջելով թիկնապահներին, սափրագլուխներին եւ այլ քրեական տարրերի: Օրինաչափ է, որ այսօր մի քանի երկրապահներ դատվում են կամ դատապարտված են շինծու, անհիմն մեղադրանքներով: Նսեմացնո՞ւմ է արդյոք այդ ամենը ղարաբաղյան պատերազմի վետերանների, այդ թվում` երկրապահների հերոսությունը: Իհարկե, ոչ: Հերոսությունների մասին պետք է հիշել միշտ»:

«Ժամանակ»-ը, անդրադառնալով Պրահայում կայացած հանդիպումներին, գրում է. - «Ներկայումս Հայաստանում որեւէ մեկը չունի այն սոցիոլոգիական պատկերը, որը կարող է քիչ թե շատ մոտավոր պատկերացում տալ այս պարագայում հայաստանցիների եւ ղարաբաղցիների հավանական արձագանքի մասին: Այժմ թվում է, թե այդ հարցում կա երկուստեք իներտություն, սակայն անորոշ է, թե ինչ ռեակցիա կլինի կոնկրետ առարկայական գործողությունների պարագայում, առավել եւս` եթե դրան ավելացնենք ներքաղաքական գործոնը: Չէ՞ որ Ղարաբաղի հարցը միշտ եղել է, կա ու կլինի Հայաստանի ներքաղաքական զարգացումների կարեւոր գործոն թե իշխանություն-ընդդիմություն, թե ներիշխանական խմբերի ու բեւեռների հարաբերությունների հարցում»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այսպիսով, հայտնի դարձավ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսին այնուամենայնիվ քննարկելու է այդ կազմակերպության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Փաստորեն, Սերժ Սարգսյան - Արեւմուտք «ջանջիգյարն» ավարտվեց: Դա կարող է երկու բացատրություն ունենալ: Առաջին. Արեւմուտքին խիստ զայրացրել է Հայաստանի իշխանությունների` Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը, որն ակնհայտորեն թելադրված էր Մոսկվայից: Երկրորդ. Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունն» ու մադրիդյան սկզբունքներին հեշտությամբ համակերպվելը Արեւմուտքին ստիպել էին կարճ ժամանակով չտեսնելու տալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, բայց Սերժ Սարգսյանը դեռեւս դիմադրում է եւ փորձում հնարավորինս ձգձգել տված խոստումների կատարումը, ինչն էլ Արեւմուտքին ստիպում է հերթական անգամ «ժանիքներ ցույց տալ»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը վերջերս ուշագրավ դիտարկում արեց. Հայաստանում շատ ավելի անվտանգ է հայհոյել իշխանություններին, քան կես քննադատական խոսք ասել լեւոնական ընդդիմության հասցեին: Մի պարզ պատճառով. մեզանում պաշտոնատար անձանց վարկաբեկելու համար չեն պատժում, իսկ ահա լեւոնականների «կողքով անցնելը» հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Վազգեն Մանուկյանի տառապանքը փորձ ունի: Շատ ժամանակ չի անցել այն «օրհասական» պահից, երբ նա չանցավ Լեւոնի թրի տակով ու տեղնուտեղը հայտնվեց սրանց քարոզչական ահաբեկչության թիրախում: Ճիշտ այնպես, ինչպես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը մերժեց Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը եւ ընդունեց հանրապետության նորընտիր նախագահի` Սերժ Սարգսյանի համագործակցության հրավերը»:

«Նովոյե վրեմյա»-ն, հղում անելով ռուսաստանյան լրատվամիջոցներին, գրում է, թե Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Ավդեեւը Պետդումային հայտարարել է, որ նախարարությունը սեփական դիրքորոշում չունի Վլադիմիր Լենինի վերաթաղման հարցում, քանի որ նրա մարմինը չի համարվում մշակութային ժառանգություն: «Լեզուս չի պտտվում այն անվանել մշակութային ժառանգություն, դա քաղաքական հարց է», - ասել է նա: Թերթը նաեւ գրում է, որ հեղափոխության առաջնորդի մարմինը երեք տարին մեկ պետք է զգեստափոխվի, սակայն Լենինի կոստյումը վերջին անգամ փոխվել է 2003 թվականին. գումարները հազիվ են հերիքում բալզամացման աշխատանքների համար, մումիան այս տարի նորից բիոքիմիական մշակման է ենթարկվել` ընկղմել են հատուկ խոտերի թուրմով վաննայի մեջ: «Սա եզակի տեխնոլոգիա է, որի շնորհիվ Լենինը կմնա եւս 100 տարի», - ասում են մասնագետները: