Վրաստանի իշխանությունը պատրաստ է այսօր բանակցել ընդդիմության հետ

Թբիլիսի. ընդդիմության աջակիցների հանրահավաքը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, 7 մայիսի, 2009

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն ողջունել է երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին ընդդիմության առաջնորդ Իրակլի Ալասանիայի երեկվա հայտարարությունը եւ ասել է, որ իշխանությունները ցանկանում են հենց այսօր ընդդիմադիրների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Դա կլինի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով արդեն մեկ ամիս շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում Վրաստանի ընդդիմության եւ իշխանությունների առաջին հանդիպումը:

Զանգվածային բողոքները այս շաբաթ թեւակոխել են նոր՝ վտանգավոր փուլ. ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել լուրջ ընդհարումներ, կան վիրավորներ:

Ցուցարարները նախագահ Սահակաշվիլիին մեղադրում են ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով իշխանությունը չարաշահելու մեջ: Նախագահը մերժում է քննադատությունը եւ հրաժարվում ընդունել ընդդիմադիրների պահանջը, պնդելով, որ նախագահելու է իրեն Սահմանադրությամբ վերապահված ամբողջ ժամկետը, որն ավարտվում է 2013 թվականին:

Ինչպես «Ասոշիեյթեդ փրես»-ն է նշում, անցյալ տարվա օգոստոսյան կարճատեւ պատերազմի օրերին Վրաստանի բնակչությունը աջակցել է նախագահին, սակայն հետագայում նրա վարկանիշն անկում գրանցեց: