Պրահայում կայացավ Սարգսյան – Ալիեւ հերթական հանդիպումը

Հինգշաբթի օրը Չեխիայի մայրաքաղաքում, որտեղ անցնում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը:

Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որը տեւել է ավելի քան երկու ժամ։

Թեեւ նախատեսվում էր, որ հանդիպումից հետո լրագրողներին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, լրագրողների հետ հանդիպեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

«Գոհունակությամբ կարող եմ նշել, որ նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը կառուցողական երկխոսություն են ունեցել եւ նրանք կարողացել են նվազեցնել մոտեցումներում եղած տարբերությունները, որոնք վերաբերում են կարգավորման հիմնարար սկզբունքներին», - Պրահայում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում հրավիրված ասուլիսում հայտարարեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Եվ համաձայնության են եկել այն հիմնարար գաղափարների շուրջ, որոնք քննարկելու նպատակով էլ եկել էին այստեղ: Այժմ ամեն ինչ մեզանից՝ համանախագահներից է կախված: Առաջիկա օրերին եւ շաբաթներին մենք աշխատելու ենք արտաքին գործերի նախարարների հետ: Այս հանձնարարությունը նախարարներին տրվել է երկու նախագահների կողմից: Մենք պետք է աշխատենք դետալների վրա, որպեսզի ավարտուն տեսքի բերենք այն մոտեցումները, որ այսօր քննարկման առարկա են հանդիսանում: Հիմնական աշխատանքը տարվելու է այն առանցքային խնդիրների շուրջ, որոնք ընդգրկված են կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակում»:

Արդյո՞ք այդ առանցքային խնդիրներն են այն երկու հիմնական տարաձայնությունը, որ առկա էր բանակցային գործընթացում վերջին տարիներին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու Լաչինի միջանցքի պատկանելության հարցը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին համանախագահները չցանկացած պատասխանել: Միայն ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը փոխանցեց, թե՝ «շատ լավ տեղեկացված եք բանակցային գործընթացի մանրամասներից»:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպմանը, ապա վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: Համանախագահները չեն բացառում, որ այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Հեռանկարի առումով եւ որպես սկզբունքային համաձայնություն շարունակում է մնալ Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին կայանալիք հանդիպումը: Համենայն դեպս, մենք ձգտելու ենք կազմակերպել նման հանդիպում նշված ժամկետում: Մինչ այդ կկայանան մեր հանդիպումները [արտաքին գործերի] նախարարների հետ եւ, հավանաբար, համանախագահները կայցելեն տարածաշրջան», - ասաց ռուսաստանցի համանագահը Յուրի Մերզլյակովը:

Իսկ հնարավո՞ր է արդյոք Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների նախագահների գագաթնաժողովի կազմակերպումը: Այն, որ Օբամա – Մեդվեդեւ – Սարկոզի եռակողմ հանդիպումը, որ նվիրված կլինի Ղարաբաղյան կարգավորմանը, կարող է կազմակերպվել, մի քանի շաբաթ առաջ նշել էին դիվանագիտական որոշ աղբյուրներ: Հայաստանցի լրագրողի այս հարցին Մերզլյակովը պատասխանեց. - «Մենք վաղուց էինք քննարկում նման հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Մենք թերեւս ամենալավն ենք պատկերացնում, թե ինչ դժվար է նույն վայրում նույն ժամանակահատվածում հավաքել Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներին»:

Ավելի ուշ` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն հայտնեց ադրբեջանից գործընկերոջ հետ հանդիպուման կապակցությամբ: :ՙԱզատություն՚ ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում բանակցությունների այս մի փուլը, Սերժ Սարգսյանը պատասխանեց` ՙօգտակար էին՚: