Մեկնարկում են «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում»

«21-րդ դարի հեռակարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը մայիսի 6-9-ը Հայաստանը հյուրընկալում է եւս մի խումբ աշխարհահռչակ երաժիշտների՝ վրացի հանրահայտ կոմպոզիտոր Գիա Կանչելիի գլխավորությամբ:
Կանչելիին նվիրված հայաստանյան համերգաշարին (3 համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում) մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ Գիդոն Կրեմերը, Պավել Վերնիկովը, Մաքսիմ Ռյազանովը եւ այլոք:

Լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը Գիա Կանչելին ասաց, որ կինոֆիլմերի համար այլեւս երաժշտություն չի գրում. զբաղվում է հիմնականում դասական երաժշտությամբ:

Կանչելին, հիշեցնենք, բազմաթիվ ֆիլմերի՝ այդ թվում սիրված «Միմինո»-ի, երաժշտության հեղինակն է:

Կոմպոզիտորը 1991 թվականից ապրում եւ ստեղծագործում է արտասահմանում. նախ Գերմանիայում, ապա՝ Հոլանդիայում, իսկ հիմա՝ Բելգիայում:

«Երբ 1991-ին գնացի Բեռլին, պիտի մեկ տարի այնտեղ մնայի: Բայց Թբիլիսիում սկսվեց քաղաքացիական պատերազմը, ու ստացա առաջին հրավերն Ամստերդամից: Հենց այդ ժամանակ էլ ստացա առաջին հոնորարս, եւ կարողացա երկարացնել կեցությունս Բեռլինում ու որոշեցի՝ քանի դեռ փող եմ վաստակում, կապրեմ այնտեղ, որտեղ փող եմ վաստակում: Հենց փողս վերջանա, հայրենիք կվերադառնամ», - պատմեց նա: - «Չգիտեմ, բարեբախտաբար թե դժբախտաբար, փողս այն ժամանակվանից չի վերջանում: Ես անընդհատ նորանոր ստեղծագործական առաջարկներ եմ ստանում եւ ապրում եմ Արեւմուտքում»:

Նա ասաց նաեւ, որ իր սիմֆոնիաներից առնվազն 6-ը գրել է Հայաստանում՝ Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը. - «Եվ եթե աշխատանքը յուրաքանչյուր սիմֆոնիայի վրա մոտ 2,5 տարի է տեւել, ուրեմն մոտ 15 տարի անցկացրել եմ Դիլիջանում՝ հարազատ ու մտերիմ ընկերներիս հետ, որոնցից շատերն այսօր, ցավոք, չկան՝ Ավետ Տերտերյանը, Ղազարոս Սարյանը, Ալեքսանդր Աճեմյանը: Փառք Աստծո, շատերն էլ ողջ են եւ առողջ, ու այս օրերին անընդհատ հանդիպում են նրանց»: