Վիրավորներ` Թբիլիսիում բախումների հետեւանքով

Թբիլիսի. բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, 6 մայիսի, 2009

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ընդդիմության միջեւ, որի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում` Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` բախումից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվել է:

Խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է ընդդիմության հանրահավաքը: Բոլոր ելույթ ունեցողները հայտարարում են, որ չնայած մայիսի 6-ի իրադարձություններին, ընդդիմությունը չի շեղվի ընտրած ճանապարհից` խաղաղ եւ սահմանադրական միջոցներով հասնել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականին:

Ընդդիմության առաջնորդներից` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան հայտարարել , որ ընդդիմությունը չի դադարեցնելու բողոքի ակցիաներն ու շարունակելու է խաղաղ պայքարը մինչեւ վերջնական նպատակին հասնելը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հինգշաբթի կեսօրին վրաց ընդդիմությունը հանրահավաքում հայտարարելու է իր հետագա գործողությունների ծրագիրը:

Ընդդիմադիր առաջնորդներից Կոբա Դավիթաշվիլին իշխանություններին մինչեւ ժամը 17-ը ժամանակ է տվել ընդդիմադիր երեք ակտիվիստներին ազատ արձակելու համար:

Երեքշաբթի օրը Վրաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում ռազմական հեղաշրջման փորձի բացահայտման մասին: Մայրաքաղաքից շուրջ 30 կիլոմետր հեռու Մուխրովանի ավանի մոտակայքում գտնվող զորամասում, որտեղ տանկային գումարտակ է տեղակայված, զինվորականները հրաժարվել էին կատարել բարձրաստիճան սպաների հրամանները: Իշխանություններին, սակայն, հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը եւ ձերբակալել խռովության կազմակերպիչներին:

Պաշտոնական Թբլիսին պնդում է, որ ապստամբության թիկունքում Ռուսաստանն էր: