Նալբանդյանը Պրահայում հանդիպում է ունեցել Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ

Չորեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդանն հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանգամանալից զրույց է տեղի ունեցել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ, մասնավորապես Եվրոպական հարեւանության քաղաքականությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի, Հայաստանի պետական կառույցներում բարեփոխումներին օժանդակող ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերություն ծրագրի գագաթաժողովին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության այս նոր ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել այդ ծրագրին:

ԵՄ հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Բենիտա Ֆեռերո-Վալդները Եվրոպական Հանձնաժողովի անունից իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուծալուծման հնարավորություններին եւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: