Պաշտպանության նախարարը մեկնաբանում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը մեկնաբանել է Հայաստանի որոշումը Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու մասին:
«Դրա վրա նաեւ անդրադարձել է այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերջին ժամանակահատվածում, հանդիպելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիեւի հետ, իր խոսքի ընթացքում միջազգային չափանիշների, միջազգային նորմերի մեջ միայն նշել է տարածքային ամբողջականությունը: Այնինչ այսօրվա գործող ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում Լեռնային Ղարաբաղի հարցով, դա ԵԱՀԿ-ն է եւ Մինսկի խումբը՝ իր գործունեության մեջ: Ինչպես նաեւ շատ ու շատ պետություններ, որոնք զբաղվում են, նշում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ե՜ւ ժողովուրդների ինքնորոշումը, ե՜ւ տարածքային ամբողջականությունը, ե՜ւ, իհարկե, ուժի չկիրառումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանը` բավական անհամոզիչ պատճառաբանությամբ չմասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժություններին, այդպիսով, փաստորեն, երրորդ երկրի ճնշմամբ, վնասեց հարաբերություններն իր ռազմավարական հարեւանի` Վրաստանի հետ։

«Ցավոք սրտի, այսօր այս չմասնակցությունը նաեւ իր մեջ այդ ուղերձն է պարունակում, որ, այո, մենք պատրաստ ենք երրորդ երկրների ցանկությամբ չհամագործակցել մեր ռազմավարական հարեւանի հետ», - պարզաբանեց Սաֆարյանը:

Հայաստանյան որոշ վերլուծաբաններ «ստեղծված հանգամանքներ» արտահայտությունը առնչում են նաեւ նախօրեին Վրաստանի զորամասերից մեկում ծագած աղմկահարույց ու բավական հակասական մեկնաբանությունների արժանացած խռովության հետ, ինչի արդյունքում ձերբակալվել էին մի շարք բարձրաստիճան զինվորականներ։

Ստեփան Սաֆարյանի կարծիքով, իրական բացատրությունն այլ տեղ պետք է փնտրել։ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամն այս համատեքստում էական է համարում Ռուսաստանի գործոնը՝ հավելելով, սակայն, որ Մոսկվայի կողմից ուղղակի հարկադրանք գուցեեւ չի եղել. - «Հայկական կողմը ավելի շատ ինքնագրաքննության դիմեց: Այսինքն՝ սեփական վախերը ավելի շատ էին, քան ռուսական ազդակները»:

Սաֆարյանը նաեւ նկատել է տալիս Հայաստան-Ռուսաստան գործընկերային հարաբերությունների, իր ձեւակերպմամբ՝ անիրավահավասարությունը. - «Հայաստանը երբեւէ չի պահանջել Ռուսաստանից, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերություններում նույնպես խորհրդակցի Հայաստանի հետ, ինչպես որ պահանջ է դրվում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի որեւէ միջոցառմանը մասնակցելուց առաջ անպայման հաշվի առնի Ռուսաստանի շահերը»:

Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն, քաղաքագետ Թեւան Պողոսյանի կարծիքով, թեեւ Ռուսաստանի գործոնը բավականաչափ էական է, սակայն դաշինքի զորավարժություններին չմասնակցելու` Հայաստանի կայացրած որոշման մեջ, այնուամենայնիվ, վճռորոշ դեր են ունեցել Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

«Փաստորեն, դասական կոմպլեմենտարության դրսեւորման հարմար իրադրություն է ստեղծվել», - ասում է Պողոսյանը` պարզաբանելով. - «Մի կողմից, Հայաստանը, իբրեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, ի սկզբանե համաձայնել է մասնակցել վարժանքներին, մյուս կողմից` չմասնակցելու համար շատ հզոր պատճառաբանություն ներկայացնելու պատեհություն է ստացել։ Արդյունքում` Մոսկվան ուրախ է, իսկ ՆԱՏՕ-ն վիրավորված չէ»։

«Այս վարժությունները ֆիզիկապես են Վրաստանի տարածքում, բայց ՆԱՏՕ-ի վարժություններն են», - հավելեց նա: - «Դա շատ կարեւոր է հաշվի առնել: Վստահ եմ, որ մինչեւ վերջնական որոշում ընդունելը նաեւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մարդիկ տեղյակ են, երեւի, պահվել անպայման հայկական կողմից»: