ՀՀԿ-ն ձեւավորել է ավելի քան 200 նախընտրական շտաբ

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը արդեն ձեւավորել են նախընտրական շտաբները: Դրանց առատությամբ աչքի է ընկնում իշխող Հանրապետական կուսացկությունը՝ ավելի 200 շատբ եւ ենթաշտաբ Երեւանի 12 համայնքներում:
Բոլոր համայնքներում, բացի ՀՀԿ-ից, շտաբներ կամ ենթաշտաբներ ունեն «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները, գրեթե բոլոր համայնքներում՝ Հայ ազգային կոնգրեսը:

Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը նախընտրել է ունենալ մեկ կենտրոնական շտաբ, որում ընդգրկված կլինեն բոլոր համայնքների ներկայացուցիչները:

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ակտիվ քարոզչությամբ կսկսի զբաղվել մայիսի10-12-ից հետո:

Կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչ այդ որոշել են ուսումնասիրել ժողովրդի տրամադրությունները, մյուս թեկնածուների գործողությունները. - «Համադրել նրանց գործողությունները միմյանց հետ, նաեւ մեր անելիքների հետ: Նաեւ ճշտել, թե մեր ժողովուրդը, վերջին հաշվով, ինչ է ուզում այս պահին լսել, եւ ինչ ձեւով է ուզում լսել»:

Ինչ վերաբերում է շտաբների ձեւավորմանը, ապա դրանք կլինեն «շարժական շտաբներ». - «Ավտոբուսներ կվարձակալենք եւ ամեն մի բակում մի քանի ժամ կկանգնենք, մարդիկ կմոտենան, մենք մարդկանց կմոտենանք, բուկլետները կբաժանենք: Այսինքն՝ կլինի անմիջական աշխատանք մարդկանց հետ յուրաքանչյուր բակում»:

Այս կուսակցությունը ստեղծվել է 1996 թվականի հունվարին՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը 1990-93 թվականներին անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը: 1991-ի նախագահական ընտրություններում պաշտպանել է Սոս Սարգսյանի թեկնածությունը, 1998-ի նախագահական ընտրություններում՝ իր ստեղծած Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը առաջադրել է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը, 1999-ի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Միասնություն» դաշինքին: Ասել է թե՝ ընտրությունից ընտրություն է կուսակցությունը ցուցաբերել քաղաքական ակտիվություն:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, Շահվերդյանը պատասխանեց. - «Հիմանական նպատակն է՝ հստակեցնել Հայաստանի քաղաքական դաշտը՝ ըստ գաղափարախոսությունների, ըստ ծրագրերի, եւ ոչ թե ըստ անձերի կամ անձերի միջեւ ձեւավորված հարաբերությունների»: