Հեղաշրջման փորձ` Վրաստանում

Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլիի ասուլիսը, 5 մայիսի, 2009

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեքշաբթի վաղ առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել զինված հեղաշրջման փորձ:
Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ մայրաքաղաքից շուրջ 30 կիլոմետր հեռու Մուխրովանի ավանի մոտակայքում գտնվող զորամասում, որտեղ տանկային գումարտակ է տեղակայված, զինվորականները հրաժարվել են կատարել բարձրաստիճան սպաների հրամանները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին ասել է, որ ապստամբության թիկունքում Ռուսաստանն է, որի նվազագույն նպատակն է խափանել այս չորեքշաբթի օրը Հարավային Օսիայից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող շրջանում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները, իսկ առավելագույնը՝ զինված ապստամբությունը տարածել ամբողջ երկրով եւ հասնել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականին:

Ուտիաշվիլիի խոսքերով, պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն ապստամբներին հորդորել է առանց նախապայմանների հանձնվել` խոստանալով, որ այդ դեպքում նրանց նկատմամբ կոշտ որոշումներ չեն կայացվի:

Բուն ապստամբությունը բռնկվել է, երբ ներքին գործերի նախարարությունը հայտնել է բանակում հեղաշրջման փորձ բացահայտելու եւ խռովարարներից մի քանիսին ձերբակալելու մասին:

Ուտիաշվիլիի փոխանցմամբ` ապստամբների առաջնորդը վրացական բանակի հատուկ ջոկատի նախկին հրամանատար Գեորգի Գվալաձեն է: Վերջինս, ինչպես եւ մեկ այլ սպա, ձերբակալված են: Հետախուզման մեջ են գտնվում Գվալաձեի ենթադրյալ հանցակիցները՝ Մուխրովանիի ռազմակայանում տեղակայված հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Կոբա Օտանաձեն եւ Թբիլիսիում տեղակայված զորամասերից մեկի հրամանատար Զազա Մուշկուդիանին:

Ուտիաշվիլիի խոսքերով, ապստամբների թիվը շուրջ 500 է, ընդ որում` նրանց մեջ կան նաեւ քաղաքացիական անձինք:

Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ իշխանությունները լիովին վերահսկում են իրավիճակը: «Ապստամբությունը տապալված է, նախագահ Սահակաշվիլին զորակայանի տարածքում է, մենք մտել ենք կայան եւ հանգստացրել ենք բոլորին: Հրամանատարը ձերբակալված է, մյուսներին այժմ հարցաքննում են»,- ասել է ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: