Հրապարակվեց Ոսկերչյանի մեղադրական եզրակացությունը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկուշաբթի օրը հրապարակեց Գրիգոր Ոսկերչյանի մեղադրական եզրակացությունը:
Ոսկերչյանը, սակայն, չկարողացավ պատասխանել հարցին` իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ, քանի որ, իր բնորոշմամբ՝ չի կարողանում հասկանալ, թե ինչի համար են իրեն մեղադրում. - «Եզրակացությունը սվաղած է, կանխակալ եւ որեւէ հիմնավոր ապացույց չի պարունակում»:

«Դուք, այնուամենայնիվ, ինձ չբացատրեցիք, թե ինչում եմ ես մեղադրվում», - հայտարարեց նա, ինչին դատավորն արձագանքեց. - «Դատարանը գտնում է, որ ձեզ բավարար պարզաբանվեց: Այն, որ չեք ցանկանում հասկանալ մեղադրանքի էությունը, դա ձեր խնդիրն է»:

Հետընտրական իրադարձությունների հետեւանքով կալանավորված եւ միչեւ Քրեական օրենսգրքի փոփոխությունները «7-ի գործով» անցնող Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1 մաս):

Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նշված է, որ նա եւ մի շարք անձինք «երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել եւ անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ»: Ըստ Ոսկերչյանի, սակայն, որեւէ վկայությամբ չի ապացուցվում դիտավորության պնդումը:

Նաեւ նշվում է, որ նա եւ մյուսները տարբեր միջոցներով` «իրենց շրջապատի նկատմամբ անձնական եւ ծառայողական ազդեցություն գործադրելով, խոստումներով, նաեւ որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, նրանց ներգրավել են 2008-ի փետրվարի 20-ից Երեւանում անցկացվող միջոցառումներին, որտեղ նախապատրաստել են բռնարարքների, կազմակերպել են ապօրինի ռազմամթերքի բաշխում»։

«Ես ծառայողական ազդեցություն չունեմ, ի տարբերություն ձեզ, որովհետեւ պաշտոնյա չեմ», - հակադարձեց Ոսկերչյանը:

Իսկ զինամթերքի բաշխման մասին պնդումների վերաբերյալ նա ասաց. - «Հարգարժան դատավոր, եթե դուք գործի նյութերում գեթ մեկ վկայություն գտել եք, որը փաստում է, որ իմ կողմից կազմավորվել են բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր, եւ կամ ես կամ իմ չակերտավոր հավաքագրած այլ անձը զենք, զինամթերք է բաժանել գեթ մեկ մարդու… Չկա այդպիսի վկայություն: Նույնիսկ այդքան սարքելուց հետո էլ այդպիսի վկայություն չեք դրել գործում: Կեղծ վկայություն նույնիսկ չկա»:

Ոսկերչյանն արձագանքեց նաեւ այն հիշատակմանը, թե ինքը հավաքագրել է մարդկանց խմբեր, ապահովել նրանց տեղափոխումը Երեւան` զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար։

«Մի՞թե խաղաղ հանրահավաքների համար մարդ տեղափոխելը հանցակազմ է պարունակում», - հարցնում էր նա:

Բավարար չհամարելով մեղադրող կողմի փաստարկները եւ պնդելով, որ գործում հանցակազմը բացակայում է, Գրիգոր Ոսկերչյանի փաստաբանը հանդես եկավ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու եւ նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդությամբ: Բայց դատավորը միջնորդությունը թողեց առանց քննության՝ հիմնավորելով, որ նախկինում պաշտպանական կողմը նման միջնորդություններով հանդես եկել է։

Առանց քննության թողնվեց նաեւ դատարանում ցուցմունք տալու համար լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությունը. պաշտպանական կողմի պնդմամբ, դատարանը հարցաքննում է այն վկաներին, որոնք հանդես են գալիս բացառապես ընդդեմ Ոսկերչյանի, թեեւ նախաքննական փուլում ի պաշտպանություն ամբաստանյալի հանդես եկած վկաների թիվն էլ մեծ է եղել, որոնք, սակայն, այժմ դատարան չեն հրավիրվում։