Երեւանում հաշվառված է ավելի քան 770 հազար ընտրող

Ապրիլի 20-ի դրությամբ, Երեւանում հաշվառված է 771 հազար 353 ընտրող, որոնք կազմում են երկրում ընտրողների ընդհանուր թվի 32 տոկոսից ավելին:
«2008 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքում ընտրողների քանակը ավելացել է 4274-ով: 2009 թվականի հունվարի 1-ի եւ նախնական ցուցակի (ապրիլի 1-ի) դրությամբ, ընտրողների քանակը ավելացել է 7570-ով, որից 2511-ը փախստականներն են եւ կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները ավելացել են 5059-ով», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:

Ստացվում է, որ 4-5 ամսվա ընթացքում ավելի շատ ընտրող է հաշվառվել Երեւանում, քան անցյալ տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Սահմանադրական դատարանը, ինչպես հայտնի է, մինչեւ մայիսի 8-ը ժամանակավորապես կասեցրել է Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության գործողությունը: Այսինքն՝ մինչ այդ որեւէ քաղաքացի չեն կարող գրանցել, հաշվառել Երեւանում:

«Ընտրացուցակներում հաշվառում չունեցող մարդ չի կարող ընդգրկված լինել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, :հավաստիացրեց Նորայր Մուրադխանյանը: - «Այսօր կամ վաղը մեկը կարող է Երեւանի հասցեի հաշվառումից դուրս գրվի մեկ այլ տարածք, կամ ընդհանրապես հաշվառումից դուրս գրվի, վերջնական ցուցակում նա չի լինի»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ով ընտրողներին մի քանի խորհուրդ տվեց, թե ինչպես կարելի է խուսափել ընտրելու իրենց իրավունքի նկատմամբ տարբեր ճնշումներից:

Ազարյանի համոզմամբ՝ այն քաղաքացին, ով «շփվում է մարդկանց հետ, խանութ է գնում, երեւի, ինստիտուտում է սովորել կամ ինչ-որ տեղ աշխատում է, երբեւէ գոնե մի թերթ կարդացել է, ինքը պիտի հաստատ համոզված լինի, որ երբեք եւ ոչ մի դեպքում… քվեարկելիս ոչ ոք իրեն չի կարող ճնշել»:

«Եթե մեկը կփորձի ինչ-որ մեկին տալ քվեաթերթիկ [«կարուսել» կոչվածն իրականացնելու համար], դրա տարբերակն էլ կա՝ այդ կարուսելից փախնելու», - այդուհանդերձ, շարունակեց նա՝ պարզաբանելով, որ եթե նշումով քվեարթերթիկ են տալիս որեւէ քաղաքացու, ապա նա կարող այն փչացնել՝ վրան մեկ այլ նշում էլ կատարելով, եւ հանձնաժողովի նախագահից ստանալով նոր քվեաթերթիկ:

Պատասխանելով «100 տոկոսանոց ցուցակներին» վերաբերող հարցին (երբ որեւէ կուսակցության ներկայացուցիչները շրջում են տնետուն ու հավաքում մարդկանց ստորագրություններն ու տվյալները), Ազարյանը ասաց. - «Եթե ես լինեի թեկնածու, ես կասեի, որ, այո, խնդրել եմ իմ բոլոր բարեկամներին եւ ընկերներին՝ կազմել մի ցուցակ, որպեսզի ինձ համար պարզ լինի, թե ինձ ովքեր են քվեարկելու… որպեսզի կարողանամ աշխատել այդ ընտրազանգվածի հետ»:

«Ես վստահ կլինեի, որ ոչ մի անգամ եւ ոչ մի դեպքում դա [այդ ցուցակներում ընդգրկված լինելը] չի կարող լինել պարտադիր խոստում, որովհետեւ… մեր ընտրողը գիտի՝ ինչ թուղթ էլ ստորագրի, ինչ անձնագրային համար էլ տա, ում ինչ խոստում տա, երբ գնում է խցիկի հետեւը, ինքն է եւ վերեւը Աստված, եւ քվեարկում է այնպես, ինչպես ուզում է՝ անկախ նրանից, թե մինչ այդ պահը ում ինչ է ասել»: