Կոմունիստները անցկացրին մայիսմեկյան շքերթը

Հայաստանի կոմունիստական կուսակցության ավանդական մայիսմեկյան շքերթը մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից: Մասնակիցները երթով հասան Շահումյանի հրապարակ, որտեղ հանրահավաք անցկացրին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասաց, որ երթն անցկացնում են՝ չնայած Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել այն:

«Կոմունիստները ստեղծել են այս երկիրը: Այդ դեպքում ես քաղաքապետարանի ձեռքից կառնեմ քաղաքապետարանի շենքը, նախագահից՝ նստավայրի շենքը, կառավարության շենքը, այդ բոլորը եւ հրապարակը. Բոլորը մերն է՝ մեր ձեռքերով ստեղծածը: Իրենք միայն վայելողներն են… Թող մեկը փորձի մեր ճանապարհը փակել», - հավելեց նա:

Մաշտոցի պողոտայով առաջ շարժվեցին զինվորական համազգեստի վրա հպարտությամբ շքանշաններ կրող տարեցներն ու մարզերից բերված դպրոցականները՝ կարմիր վզկապներով, դրոշակներով, փուչիկներով ու պաստառներով:

«Ես, օրինակ, շատ կուրախանայի, որ այսօր Հանրապետության ղեկավարները կամ մայրաքաղաքի ղեկավարները գնային մեզ հետ միասին: Թող հաստատ համոզված լինեն, որ մենք նրանց կոմունիստ չեն դարձնի, չենք ընդունի մեր կուսակցության շարքերը: Բայց [այսօր] աշխատավորության տոնն է, եւ նրանք պետք է գնային մեր շարքերի առջեւից», - ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ այսօր փակ են եղել ճանապարհները, եւ իրենց համակիրներից շատերը չեն կարողացել մարզերից հասնել մայրաքաղաք:

Երթի մասնակիցներից շատերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հավաստեցին, որ, կապված ընդդիմության հանրահավաքի հետ, դժվարությամբ են հասել Երեւան: