Առնվազն 13 մարդ է զոհվել Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում

Բաքվում առնվազն 13 մարդ զոհվել է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի շենքում միայնակ մարդասպանի արձակած կրակոցներից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Շուրջ 13 ուսանողներ, որոնց թվում 3 սուդանցիներ, վիրավորվել են: Նախնական հաղորդագրությունների համաձայն մարդասպանը Վրաստանի քաղաքացի է, ազգությամբ` ադրբեջանցի Ֆարդա Գուլիեւը:

Ականատեսների վկայությամբ մարդասպանը վերջում ինքնասպանություն է գործել, թեեւ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների վկայությամբ նա սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում:

Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի ուսանող Ռովշեն Ալավերդիեւը, ով միջադեպի ականատեսն է եղել, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «դա միայնակ հրաձիգ էր, ատրճանակով, եւ նա կրակում էր բոլորի վրա` ուսանողների, դասախոսների»:

«Ես տեսա, թե ինչպես նա կրակեց իմ համակուրսեցուն», - պատմեց Ալավերդիեւը, - «Բոլորը դեսուդեն էին վազում»: