Մեկնարկեց «Վահան» օպերացիան

Հայաստանի ոստիկանությունն այսօրվանից սկսում է «Վահան» անվանումը ստացած մեկամսյա օպերացիան:
Այսինքն՝ մինչեւ մայիսի 29-ը ոստիկանները պետք է առավել ակտիվորեն պայքարեն ապօրինի զենք-զինամթերք կրողների, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։

«Անձնակազմն ամբողջությամբ պատրաստ է: Նախապես ունենք մեր օպերատիվ տեղեկատվության ամբողջ բազան, այս պահին մշակվում է, եւ մենք միջոցառումներ կձեռնարկենք այս հանցագործությունների դեմ պայքարը ակտիվացնելու ուղղությամբ», - երեկ հայտարարել էր Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Փաստորեն, այս օպերացիան մեկնարկում է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից 3 օր առաջ եւ շարունակվելու է ողջ քարոզարշավի ընթացքում (նախընտրական քարոզարշավը մայիսի 2-ից 29-նն է նախատեսված)։ Ուստի ընդդիմությունը հնչեցնում է լուրջ մտահոգություն, որ օպերացիայի ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ. Այն կարող է քարոզչության եւ հանրահավաքների ակտիվ փուլում ընդդիմադիրների դեմ սադրանքներ հրահրելու, ընդդիմության համակիրներին մշտական լարվածության տակ պահելու նպատակ հետապնդել:

«Սա անհեթեթ մի որոշում է, որը կարող է ունենալ միայն մեկ քաղաքական ենթատեքստ՝ դրանով իշխանությունները պլանավորել են պրովոկացիաներ ընդդիմության նկատմամբ հենց այն պահին, երբ պիտի ընթանան ակտիվ քաղաքական պրոցեսներ: Ոստիկանությունը ցանկանում է ունենալ ռեպրեսիվ լրացուցիչ լծակներ, որոնք, մենք շատ հավանական ենք համարում, օգտագործվելու են՝ հաշվի առնելով անօրինությունը ոստիկանական գործողությունների մեջ, որը նրանք ցուցադրել են ամիսներ, տարիներ շարունակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Այն կարծիքին, թե ոստիկանության «Վահան» օպերացիան քաղաքական ենթատեքստ ունի, եւ ենթադրում է ընտրարշավի ողջ ընթացքում խուզարկություններ, հետապնդումներ եւ լրացուցիչ լարվածություն, համաձայնեց նաեւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Սակայն, նրա համոզմամբ, այս անգամ թիրախում ոչ այնքան ընդդիմության շարքերը համալրած ազատամարտիկներն են, որքան հենց իշխանությանը ծառայող, բայց իշխանությունների հսկողությունից դուրս գալու փորձեր անող օղակները. - «Ավելի շատ ներքին ուղղվածություն ունի այս միջոցառումը, որովհետեւ այս մեկուկես տարվա ընթացքում ընդդիմադիր ճամբարի հալածանքը ծայրից ծայր կատարվել է: Սա ես ավելի շատ կվերագրեի իրենց ներքին ճամբարի զսպանակները ձգելուն… Այս իշխանությունները իշխանության եկել են եւ իրենց իշխանությունը պահպանել են կրիմինալով: Նրանք անընդհատ խնդիր ունեն այդ կրիմինալը պահել իրենց վերահսկողության տակ: Եթե հանկարծ լինի կրիմինալում անորոշություն, դա խարխլելու է իրենց իշխանությունը»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, որ «Վահան» օպերացիան կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ:

Հարցին, թե ինչու է ընտրվել հենց քարոզարշավի ժամանակահատվածը, Շիրինյանը արձագանքեց. - «Ոչ մի նշանակություն չկա՝ մեկ օր շուտ սկսել, մեկ օր ուշ սկսել: [Վախի մթնոլորտ ստեղծելու մասին պնդումները] բացարձակապես հորինված մտքեր են: Ոստիկանության պետը եւ ոստիկանությունը այդքան միամիտ չեն, որ ասեն՝ մենք այդպիսի միջոցառում ենք իրականացնում, եւ հետո դա միտված լինի ընդդիմությանը»: