Դաշնակցությունը լքեց իշխող կոալիցիան

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դուրս է գալիս քաղաքական կոալիցիայից, դառնում է ընդդիմություն, հրաժարվում է պաշտոններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը ապրիլի 23-ի հայտարարությամբ արձանագրել էր, որ հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարությունը «ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, ինչը կուսակցության համար հիմք է հանդիսացել քննարկել կոալիցիային մասնակցության «նպատակահարմարության» հարցը:

Իշխող կոալիցիան ձեւավորվել էր 2008 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների եւ Հայ հեղափոխական դաշնակցության միջեւ ստորագրված հուշագրով: