Հայ-թուրքական զարգացումները քննարկվել են Անվտանգության խորհրդի նիստում

Այսօր տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որի կազմում ընդգրկված են Հայաստանի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, ուժային կառույցների ղեկավարները, քննարկվել են հայ-թուրքական վերջին զարգացումները:

Նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական վերջին բանակցությունների մանրամասները: Մեկնաբանելով թուրքական Sabah թերթում հրապարակված հայ-թուրքական համաձայնության 5 կետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ դրանք իրականության հետ կապ չունեն:

«Հայ-թուրքական երկխոսության մեջ չկա որեւիցե նախապայման: Անհեթեթ են այն խոսակցությունները, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Նման բան գոյություն չունի», - ասաց Արթուր Բաղդասարյանը:

«Սա երկկողմ հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթաց է: Ի՞նչ քայլեր են. բանակցություններ տեղի ունեցան, տեղի ունեցավ համատեղ հայտարարություն, հիմա կլինի երրորդ քայլը` այդ բանակցությունները շարունակել, ստորագրել փաստաթուղթ: Չորրորդ քայլը կլինի` իրազեկել հանրությանը», - շարունակեց Բաղդասարյանը` խոստանալով, որ փաստաթղթի վերաբերյալ մոտ ապագայում հանրությանը կիրազեկեն:

Հարցին, թե արդյո՞ք ապրիլի 22-ի հայ-թուրքական հայտարարությունը պատճառ չդարձավ, որ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում չարտասանի ցեղասպանություն բառը, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Ինչ որ հատուկ օր չի ընտրված: Դա բնական գործընթաց է տեղի ունեցել: Ով որ 1 տարի Հայաստանի մամուլը կարդում է, Գյուլի այցելությունից հետո Հայաստան, շատ լավ գիտի բնականոն կոնսուլտացիաների մասին, որի հանգրվանը եղել է, ենթադրենք, մի քանի օր առաջ»:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստին Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չի մասնակցել, թեեւ տեղեկացված եղել է նիստի մասին:

Այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկված այլ հարցերի թվում են եղել Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգը: