Աբդուլա Գյուլ. «Անհրաժեշտ էր հիշել 1915 թվականի բոլոր անմեղ զոհերին»

Թուրքիա --ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 6-ը ապրիլի, 2009 թ.

Թուրքիայի նախագահը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը: «Անհրաժեշտ էր հիշել 1915 թվականի բոլոր անմեղ զոհերին», - հայտարարել է Աբդուլա Գյուլը եւ ընդգծել, որ այդ իրադարձությունների ընթացքում կյանքից զրկվել են նաեւ հարյուր հազարավոր թուրքեր եւ մահմեդականներ։

«Պետական ու քաղաքական գործիչները չպետք է պատմական իրադարձությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնեն», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Թուրքիայի նախագահը:

«Այժմ ապագային նայելու ժամանակն է, ինչը հնարավորություն է տալիս դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանային հարցերը կարգավորելու, այդ թվում` Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ», - շեշտել է Աբդուլա Գյուլը:

«Առաջին անգամ այս հարցերին առնչվող բոլոր կողմերը ամենաբարձր մակարդակով անում են ամեն հնարավորը` խնդիրների լուծմանը նպաստելու համար», - հայտարարել է Թուրքիայի նախագահն ու հույս հայտնել, որ բոլոր տարաձայնությունները կլուծվեն եւ տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցության համար ճանապարհ կհարթվի։