«Իրավունքը de facto» թերթը գրում է. - «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին երեւան եկած հայ-թուրքական համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման մասին եւ «ճանապարհային քարտեզի» ձեւով դեռ մանրամասն վերլուծվելու է, եւ կարվեն գուցե շատ ավելի խորքային ու համապարփակ եզրահանգումներ: Սակայն միարժեք է, որ այն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ կարող է նոր վերադասավորումների պատճառ դառնալ»:

«Հայոց Աշխարհ»-ը քննարկում է Հայ ազգային կոնգրեսի կողմից այսօր դեպի Ծիծեռնակաբերդ կազմակերպվող երթը. - «Իրավունք ունի՞ արդյոք հասարակությունը պահանջելու նորահայտ այս աղանդի անդամներից՝ տարվա մեջ գոնե մի օր վերհիշելու իրենց հայկական ծագումը եւ միանալու համազգային սգո արարողությանը։ Այսօր միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանության փաստն ընկալում է որպես Թուրքիայի եւ Հայաստանի հետ իր հարաբերությունների բնույթն ու ուղղվածությունը պայմանավորող առանցքային քաղաքական գործոններից մեկը։ Ավելին՝ ներկա պայմաններում ցանկացած երկիր, որը որեւէ հարց ունի Թուրքիայի հետ, ելնելով իր իսկ շահերից, բարձրացնում է Ցեղասպանության հարցը՝ օբյեկտիվորեն նպաստելով պատմական իրողությունը արդիական քաղաքական հիմնահարցի վերածելու գործին։ Այս տեսանկյունից ակնհայտ է դառնում նաեւ, որ ներկայումս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի թիկունքում կանգնող միջազգային ազդեցիկ ուժերի հիմնական «առանցքը» գնալով ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի Արեւմուտք»:

«Առավոտ»-ը ծավալուն հարցազրույց է տպագրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպես ամեն ընտրությունից առաջ՝ ՀՅԴ ներկայացուցիչներն էլի սկսել են խոսել ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ այլ հարցերի շուրջ կոալիցիայի այլ ուժերից տարբերվող իրենց մոտեցումների մասին… Չե՞ք հոգնել ամեն ընտրությունից առաջ խաղացվող այս խաղից»: Մարգարյանը պատասխանել է. - «Ինչո՞ւ անցած տարվա ապրիլի 24-ին դա չենք արել: Իսկ եթե այս ապրիլի 24-ին մենք հայ-թուրքական հարաբերությունների այս իրականության մեջ չլինեինք՝ նման խորհրդաժողով կլինե՞ր: Չէ՛ր լինի: Այսինքն՝ դա ընտրությունների հետ կապել փորձելն այնքա՜ն անարդար է, որ ես զարմացած եմ»: Լրագրողի հաջորդ հարցին՝ «Բայց չէ՞ որ ժողովրդավարության առումով վիճակը մի տարի առաջ նույնն էր, բայց ՀՅԴ-ն չէր խոսում մոտեցումների տարբերության մասին», Հրանտ Մարգարյանը արձագանքել է . - «Մենք կոալիցիայի մեջ մասնակցում ենք իբրեւ ինքնուրույն դեմք, քաղաքական ուղղություն ու համոզումներ ունեցող ուժ, որոնք այդ դասավորման մեջ ամբողջությամբ չենք կարողանում դրսեւորել ու արտահայտել»: Նա համաձայնում է լրագրողի դիտարկմանը, որ կոալիցիայի համաձայնագրով ՀՅԴ-ն պատասխանատվություն է ստանձնել իշխանության ամբողջ գործունեության համար, եւ հարցին՝ «ըստ այդմ՝ կիսո՞ւմ եք պատասխանատվությունը, որ ՀՅԴ-ին դահլիճներ տրամադրվում են, իսկ ընդդիմությանը՝ ոչ, նաեւ, որ Երեւանի կենտրոնում ընդդիմադիրների ազատ տեղաշարժը սահմանափակվում է եւ այլն», պատասխանում է. - «Բնականաբար, պատասխանատու ենք, բայց իրականում՝ մեր չափով ենք պատասխանատու: Մենք չենք կարծում, թե ճիշտ է սրահներ չտրամադրելը, թեեւ մի քանի տարի առաջ այդ նույն ուժն էլ մեզ չէր տրամադրում սրահներ: Այսինքն՝ մենք զոհն ենք եղել այդ քաղաքականության եւ այսօր էլ դրան համաձայն չենք»:

Այդ առթիվ «Տարեգիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Որ դաշնակցական «գերագույնները» կքննարկեն կոալիցիայից դուրս գալու հարցը, որ բոցաշունչ ելույթներ կբարբառեն «Մահ կամ ազատություն» կարգախոսի ներքո, որ մաուզերներից առաստաղին կրակելով հոտնկայս կերգեն այն մասին, թե ինչպես «դաշնակցություն ժողով արեց»` հավատում եմ, բայց որ բուռն ու թունդ քննարկումներից հետո դուրս կգան կոալիցիայից, սպանեք էլ` չեմ հավատա: Եթե դաշնակցության առաջնորդներն ի վիճակի լինեին իրենց այսրոպեական շահերը երկրորդել Հայաստան պետության շահին, ոչ միայն վաղուց տված կլինեին հայրենական իշխանության իրական գնահատականը եւ դուռը շրխկացրած կլինեին»:

«Ժամանակ»-ը մեկնաբանում է հայ-թուրքական համատեղ հայտարարությունը. - «Ի՞նչ է նշանակում փոխըմբռնում, երբ թուրքերը հայտարարում են, որ քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, սահմանի բացման մասին պետք է մոռանալ: Դա նշանակում է, որ Հայաստանը փոխըմբռնում է թուրքերի հենց այդ մոտեցումը: Հետեւաբար, կարելի է պատկերացնել արդեն, թե ինչ ճանապարհներով է գծված ճանապարհային քարտեզը, եւ որտեղով է անցնելու հայ-թուրքական սահման տանող ճանապարհը՝ դե իհարկե Ղարաբաղով կամ առնվազն ազատագրված տարածքներով: Այսինքն՝ եթե նախկինում ազատագրված տարածքների դիմաց Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակ էր պահանջում, ապա այժմ պահանջում է հայ-թուրքական սահմանների բացում: Դա, իհարկե, չի նշանակում, որ հայ-թուրքական սահմանը շուտով բացվելու է եւ այն էլ՝ Հայաստանի համար վատ պայմաններով կամ թանկ գնով: Սակայն, նույնիսկ եթե այդ ամենը տեղի չի էլ ունենում, եւ գործընթացը շարունակվում է, միեւնույն է, Հայաստանի համար այլեւս անշրջելի է դառնում այն, որ այդ գործընթացը ոչ թե արդյունք, այլ հետեւանք է ունենալու: Իսկ այդ գործընթացի շարունակությունը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից, որովհետեւ բոլորը ինչ-որ չափով շահում են հայ-թուրքական կարգավորում կոչվող պրոցեսից՝ ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, նույնիսկ Իրան եւ Վրաստան, բացի Հայաստանից, որովհետեւ Հայաստանը ռեսուրս չուներ այդ գործընթացի մեջ մտնելիս, այլ մտել է գործընթացի արդյունքում ռեսուրս ձեռք բերելու համար»:

«Իրավունք»-ի լրագրողը Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանին հարցնում է. - «Կարելի է իմանալ, թե մինչեւ օրս Հանրապետականը տվե՞լ է իր գնահատականը այն հայտնի միջադեպի հետ կապված, երբ ավագանու 43-րդ համարը սպանել էր 101-րդ համարին»: Պատգամավորը պատասխանում է. - «Ես մտածում եմ, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հողի վրա է եղել: Պարզապես շատ վատ է, որ այդ ամենը կուսակցության շրջանակներում է լինում: Ես մի առիթով պատասխանել եմ՝ բոլորս քրիստոնյա ենք, բոլորս ժամ ենք գնում, բայց նաեւ ունենում ենք քրիստոնյա հանցագործներ: Կուսակցությունը աղանդավորական շարժում չէ, նա ժողովրդի մասնիկն է, առավել եւս՝ Հանրապետական կուսակցությունը: Դա զանգվածային մեծ կուսակցություն է: Իսկ հասարակական իրողությունները չպետք է կապվեն կուսակցության հետ»: