Վաղվանից կներկայացվի «Առանց վերադարձի իրավունքի» պիեսը

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում վաղվանից սկսած մի քանի օր կներկայացվի բելգիահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանի «Առանց վերադարձի իրավունքի» պիեսը, որի գլխավոր դերերում հանդես կգան Արմեն Ջիգարխանյանը եւ Նորա Արմանին:
Ներկայացումը բեմադրել է Հակոբ Ղազանչյանը` համահայկական թատերական նախագծի շրջանակներում: Ներկայացման մեջ ընդգրկված բոլոր դերասանները սփյուռքից են:

«Համահայկական նախագծի բուն իմաստն ու նպատակը դա էր, որպեսզի միջազգային նախագիծ արվի՝ տարբեր երկրներում ապրող հայազգի դերասանների հետ»:

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրող եւ աշխատող անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը վերջին անգամ 5 տարի առաջ է բեմ բարձրացել, սակայն սիրով համաձայնել է խաղալ այս ներկայացման մեջ, որովհետեւ, ինչպես ինքն ասաց այսօր «Ազատություն» ռադիոկայանին, թեման հետաքրքրել էր իրեն՝ գնացքով նույն տեղը շտապող մի հայ եւ մի թուրք մարդու միջեւ երկխոսություն, որից ծավալվում է հիշողությունների ու դատողությունների մի անվերջանելի շղթա՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

«Ինձ թվում է, կարեւոր է, որ սա խելոք մարդկանց դատողություն է: Ոչ թե ջղայնացած, գժված… Այդ ամեն ինչը կա՝ ցավը կա, միշտ ցավը կա: Բայց չէ՞ որ, ի տարբերություն մյուս էակների, մարդուն խելք են տվել... Ուրեմն պիտի ասենք, որ ոնց բարիշինք, եւ ոչ թե կռվենք», - ասաց նա՝ հավելելով, որ, ի վերջո, մենք հարեւան ժողովուրդներ ենք եւ պետք է խելացի լինենք միմյանց հետ փոխհարաբերություններում:

«Ինչի՞ կհասնենք, եթե իրար մազ պոկենք», - շարունակեց Ջիգարխանյանը: - «Ես կարծում եմ, որ հիշողությունը շատ զարմանալի ապարատ է… Չի կարելի բռնանալ: Հիշողությունը իր լացն էլ կտա, ուրախությունն էլ կտա… Պիտի հետո ապրենք, չէ՞»: