«Միացում» նախաձեռնության հերթական բողոքի ցույցը

«Միացում» ազգային նախաձեռնությունը չորեքշաբթի օրը բողոքի ցույց էր կազմակերպել Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ` ընդդեմ արտաքին քաղաքականության հարցում «հակահայկական զարգացումների»:
Բողոքի ակցիայի մասնակիցները վարկարկում էին՝ «Հող հանձնողը դավաճան է», «Արցախ, Հայաստան, միացում» եւ պարզել էին նույնաբովանդակ պաստառներ:

«Հավաքվել ենք, որ հերթական անգամ ասենք արտգործնախարարության պաշտոնյաներին եւ հատկապես Մինսկի խմբի օտարեկրյա դիվանագետներին, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ամեն ինչ կանեն, որ թույլ չտան հակահայկական զարգացումներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պնդելով, թե հասարակության շրջանում խորը անվստահություն կա իշխանությունների եւ հատկապես նրանց վարած արտաքին քաղաքականության նկատմամբ:

«Ապազգային մոտեցումները, սակարկումները, դիլետանտական մոտեցումները, այս ամենը մեզ մտահոգում է, որովհետեւ, մեզ թվում է, ժողովուրդը լավ չի պատկերացնում այն վտանգը, հատկապես ազատագրված տարածքների համար, որը կախված է մեր գլխին ամիսներ շարունակ», - հավելեց նա:

«Միացում» ազգային նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի «ներկայիս իշխանությունները շարունակում են վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության համակարգի հիմնասյուները խարխլող եւ Հայոց պետականության շահերին տրամագծորեն հակասող անհեռանկար քաղաքականություն»։

Նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` վտանգը «շարունակվում է հիմնականում հայկական կողմի խիստ պարտվողական կեցվածքի պատճառով»։

«Ամեն անգամ, երբ բանակցություններ ենք սկսում, մենք փոխանակ առաջընթաց վիճակով սկսենք այդ բանակցությունները, ճիշտ հակառակն է տեղի ունենում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեֆիլյանը: - «Տեղի է ունենում մի քանի հետքայլ, եւ հաջորդ անգամվա բանակցային ընթացքի ելման կետը լինում է հետընթաց վիճակում: Այսինքն՝ այսօր հայերը բանակցության սեղանին են նստում՝ այլեւս զիջելու ոչ մի բան չունենալով, որովհետեւ ամեն ինչ զիջելու իրենց պատրաստակամությունը արդեն հայտնել են»:

«Միացում» ազգային նախաձեռնությունը բազմիցս նամակներով դիմել է արտաքին գերատեսչական մարմին` պահանջելով հանդիպում արտգործնախարարի հետ` ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների քաղաքական եւ քրեաիրավական հետեւանքների եւ արցախյան հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում իրավապաշտպան դիրքորոշումների որդեգրման անհրաժեշտության վերաբերյալ արտգործնախարարին իրազեկելու նպատակով։ Սակայն ստացել են պատասխան, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գերզվաղված է, փոխարենը առաջարկել են հանդիպում արտգործնախարարության այլ բարձրաստիճան աշխատակիցների հետ, մինչդեռ նախաձեռնության անդամները ցանկանում են հանդիպել միայն անձամբ արտգործնախարարին։ «Միացում» նախաձեռնությունը իր վերջին նամակում դատապարտում է արտգործնախարար Նալբանդյանի խուսափողական կեցվածքը։

«Այս հավաքը կանխարգելիչ եւ նախազգուշական բնույթ ունի։ Պիկետները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չի համաձայնում ընդունել ինքը` արտգործնախարարը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանը։