Եվրամիությունը կոչ է անում հայ - թուրքական հարաբերությունների նոր դարաշրջան սկսել

«Եվրամիությունը քաջալերում է Հայաստանին եւ Թուրքիային հաղթահարել հարաբերություններում մնացած վերջին խոչընդոտները եւ օգտվել տասնամյակներով շարունակվող այս տարաձայնությունը լուծելու հնարավորությունից», - այդ մասին երեկ Պրահայում Եվրամիություն - Թուրքիա բանակցություններից հետո հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը։
«Մենք հորդորում ենք Թուրքիային եւ Հայաստանին հարաբերությունների նոր դարաշրջան սկսել. դա կլինի ամենակարեւոր քայլը` Հարավային Կովկասի հետագա կայունության եւ բարգավաճման ուղղությամբ», - նշեց եվրոպացի բարձաստիճան դիվանագետը։

«Մենք Հայաստանի հետ բանակցություններում բավականին մեծ առաջընթաց ենք արձանագրել», - իր հերթին հայտարարեց Թուրքայի արտգործնախարար Ալի Բաբաջանը։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ երբ է բացվելու Եվրոպայի վերջին փակ սահմանը, Թուրքիայի արտգործնախարարը հստակ չպատասխանեց` փախարենը հայ-թուրքական հաշտեցումը շաղկապելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։

«Կովկասում բազմաթիվ խնդիրներ կան` Հարավային Օսիա, Աբխազիա, Ղարաբաղյան հակամարտություն: Թուրքիան մի կողմից շարունակում է բանակցությունները Հայաստանի հետ հարաբերությունները լիարժեք կարգավորելու ուղղությամբ, մյուս կողմից` աջակցում է այդ հակամարտությունների կարգավորմանը։ Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմը` հինգ երկրների մասնակցությամբ։ Երեկ տեղի է ունեցել այդ պլատֆորմի փոխարտգործնախարարների հերթական` երրորդ հանդիպումը», – ասաց Ալի Բաբաջանը եւ ընդգծեց` Թուրքիան հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը ընդգրկուն կերպով է մոտենում` ձգտելով կայունություն եւ անվտանգություն հաստատել տարածաշրջանում»։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Բաբաջանը նշեց, որ 2009 թվականը հակամարտությունը կարգավորելու շատ լավ հնարավորություն է ընձեռում, որը չպետք է կորցնել:

«Մենք շատ գոհ ենք, որ երկու նախագահները` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում, եւ շատ մեծ հույս ունենք, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները արդյունքներ կտան։ Մենք քաջալերում ենք կարգավորման այս գործընթացը, եւ խոսում ենք երեք համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ, որոնք ամուր քաղաքական կամք ունեն եւ տարածաշրջանային խաղաղության տեսլական», - հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարն ու ընդգծեց. - «Մենք համոզված ենք, որ այս խնդիրները կարող են լուծվել. այժմ մենք դրանք լուծելու իրական հնարավորություն ունենք»։

Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին, Ալի Բաբաջանը հայտարարեց, որ Անկարան հաստատակամ է պահանջվող բարեփոխումները իրականացնելու եւ շարունակելու հարցում։

«Թուրքիան այս ուղղությամբ հսկայական աշխատանք է տարել վերջին հինգ–վեց տարիներին, ինչի վրա հիմնվելով կարելի է կանխատեսել, թե որքան կարող է փոխվել առաջիկա 5-6 տարիների ընթացքում», - հայտարարեց արտգործնախարար Բաբաջանն ու ընդգծեց. - «Թուրքիան փոխվում է ամեն օր, շատ արագ, եւ բանակցությունների ավարտին մենք բոլորովին այլ երկիր ենք ունենալու. երկիր, որը եվրոպացիները գուցե ավելի լավ կհասկանան եւ հուսով եմ, ավելի բարձր կգնահատեն»։

«Թուրքիան Եվրամիության երկրորդ ռազմավարական գործընկերն է` Միացյալ Նահանգներից հետո», - իր հերթին հայտարարեց Շվեդիայի արտգործնախարար Կարել Բիլդտը, ում երկիրը հուլիսից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը. - «Եվրամիությունը Թուրքիայի անդամակցությամբ կդառնա ավելի ուժեղ, դինամիկ, եւ ծանրակշիռ»: