Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է ապրել 6.1 տոկոսով` ինչը հիմնականում պայմանավորված է շինարարության ծավալների կտրուկ նվազմամբ:
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, մարտ ամսին տնտեսության անկումը արագացել է հիմնականում շինարարության ոլորտում 2009 թվականի առաջին եռամսյակում գրանցված 22 տոկոս նվազման հետեւանքով: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, 2008-ի համեմատ, շինարարության ծավալները կրճատվել էին ընդամենը 1.5 տոկոսով:
Անկում է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացի մանրածախ առեւտրից: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվել են 9.5 տոկոսով: Ընդ որում, արդյունաբերական արտադրանքը կազմել է Համախառն տնտեսական արդյունքի 29 տոկոսը (465.5 միլիարդ դրամ):
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ ՀՆԱ-ի անկումը թելադրում է քայլ կառավարությանը:
«Իսկ բյուջեում կանխատեսված էր, որ տնտեսական աճը լինելու է 9,2 տոկոս: Դա արդեն այսօր իսկ պարզ է, որ անհնար է իրականացնել», - հավելեց նա:
Թեւանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է վերանայել պետական բյուջեն. - «Դա արդեն համառության խնդիր չէ: Իրավիճակից ելնելով պետք է դա անել»:
Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը, մինչդեռ, չի կարծում, որ բյուջեն վերանայելու կարիք կա. - «Որովհետեւ, եթե երեք ամիսները բոլոր երկրներում շրջանառության ամենամեծ սեզոնը չէ, ուրեմն կարելի է մտածել, որ էապես այս երեք ամիսների ընթացքում տեղի են ունեցել մեր համար ոչ ցանկալի երեւույթներ: Սակայն, մենք գիտենք, որ դեռեւս մենք ունենք եռամսյակներ, որոնց պարագայում մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինեն մեր բյուջետային մուտքերը: Իսկ դրանք… բոլոր դեպքերում կլինեն մուտքեր, եւ, ընդհանուր սցենարի կտրվածքով, մենք մտածել ենք՝ այդպես 2 տոկոսին մոտիկ՝ ընդհուպ 3 տոկոսի անկում ամբողջ տարվա կտրվածքով»:
Այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշների անկման պատճառը, ըստ Անդրանիկ Թեւանյանի, առավելապես պայմանավորված է ներքին կառավարմամբ. - «Մենք իրավիճակի վատթարացումը ստացել ենք արդեն 2007-ից: Եթե միջազգային տնտեսական ճգնաժամը չլիներ, միեւնույն է, 2007-ից որդեգրված քաղաքականությունը հանգեցնելու էր տնտեսության մեջ այսպիսի իրավիճակի: Որովհետեւ չհիմնավորված բարձր բյուջեները, երբ տնտեսական խաղի կանոնները չեն փոխվում, հանգեցնում են ուղղակի տնտեսվարողների նկատմամբ ճնշումների»:
Վարդան Բոստանջյանի կարծիքով, եթե համաշխարհային ճգնաժամը չլիներ, Հայաստանի տնտեսական աճը կլիներ 6-9 տոկոսի սահմաններում:
Պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտությունը չընդունելու պարագայում, Վարդան Բոստանջյանը հետեւյալ ելքերն է տեսնում. - «Մենք, եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասամբ, կունենանք այն ֆինանսական միջոցները, որոնք թույլ կտան իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները… Մեկ միլիարդից ավելի գումար… Փաստորեն այդ գումարի վերաբերյալ ակնարկները արդեն եղել են.»:
Բոստանջյանը նկատի ունի Համաշխարհային բանկից եւ Ռուսաստանի Դաշնությունից ակնկալվող վարկերը, որոնք, սակայն, առայժմ չեն ստացվել: