Թբիլիսիում` հետտոնական անդո՞րր

Թբիլիսի. ընդդիմության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ, 17 ապրիլի, 2009

Երեկ Վրաստանում, ինչպես եւ ուղղափառ ամբողջ աշխարհում, տոնել են Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Մեծ թվով մարդիկ ներկա են եղել Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, մինչդեռ ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներ շարունակել են ապրիլի 9-ից մեկնարկած բողոքի ակցիաները:
Դեռ անցած շաբաթավերջին ընդդիմության առաջնորդները հայտնել էին, որ բուն Զատկի օրը բողոքի լայնածավալ գործողություններ տեղի չեն ունենա, քանի որ չեն ցանկանում սրել կրքերը:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակիցների փոխանցմամբ` վերջին օրերին բողոքների ալիքը որոշակիորեն մարել է. եթե առաջին օրը հանրահավաքին մասնակցել է մոտ 60 հազար մարդ, ապա անցյալ ուրբաթ օրը ցուցարարների թիվը մի քանի հարյուր է եղել:

Պատարագից հետո Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը «Ռուսթավի-2» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունները եւ ընդդիմությունը պարտավոր են երկրի մասին մտածել:

«Իշխանությունների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ մամուլի պարտավորությունն է առաջնորդվել երկրի շահերով», - ասել է Իլիա երկրորդը եւ ավելացրել. - «Նրանք պարտավոր են պաշտպանել եւ զարգացնել հոգեւոր եւ ազգային արժեքները, եւ միայն հետո մտածել անվտանգության եւ նյութական հարստության, սոցիալական եւ առողջապահական հարցերի մասին»:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության, նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չի ընդունում հրաժարականի մասին ընդդիմության ներկայացրած պահանջը, սակայն պատրաստ է ընդդիմության հետ բանակցել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:

«Այսօր չարի հանդեպ բարու, ստի հանդեպ ճշմարտության հաղթանակի օրն է: Ճշմարտությունը Վրաստանի կողմն է, եւ Վրաստանը կհաղթի», - ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2»-ի թղթակցին:

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին ասել է, որ նախագահը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ` պայմանով, որ հանդիպմանը ներկա չլինեն լրատվամիջոցների աշխատակիցներ:

«Դա կխանգարի հանդիպմանը, երկխոսությունը տեսախցիկների առջեւ հնարավոր չէ», - ասել է Մաչավարիանին եւ հավելել, որ երկխոսությունն առաջ չի ընթանում նաեւ այն պատճառով, որ ընդդիմությունը երկխոսության հարցում չունի համաձայնեցված դիրքորոշում:

«Իշխանության նյարդերը տեղի չեն տա, մենք չենք դիմի այնպիսի քայլերի, որոնց համար հետագայում ստիպված կլինենք զղջալ», - ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` ընդդիմությունը մտադիր է վաղը Թբիլիսիում բողոքի խոշոր ակցիաներ նախաձեռնել: