Լույս է տեսել «Մինչեւ հոգիների աճուրդը» գրաֆիկական վեպը

Տիգրան Մանգասարյանը ներկայացնում է նոր հրատարակությունը:

1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 12 տարեկան էր: Բազմամարդ ընտանիքն ապրում էր Խարբերդի մարզի Չմշկածակ քաղաքում: Արշալույսը միակն էր, ով փրկվել ու հասել էր Միացյալ Նահանգներ: Այստեղ նա իր ապրած դժբախտությունը հանձնել է թղթին` գրելով «Խոշտանգված Հայաստան» գիրքը: Վերջինիս հիման վրա 1 տարի անց նկարահանվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմը, իսկ դրանից էլ 100 տարի անց` լույս տեսավ գրաֆիկական վեպ, որ վերապատմում է Արշալույսի կենսագրությունը:

«Սոցիալ եւ մասնագիտական առաջընթաց» հիմնադրամի նախագահ Սոսի Կեւոսյանն է նախաձեռնել գրքի հրատարակությունը: Նա պատահաբար ծանոթացել է Արշալույսի պատմությանն ու որոշել տարածել այն: Գաղափարն իրագործելու հարցում նրան օգնել է նկարիչ Տիգրան Մանգասարյանը` գրքի հեղինակն ու պատկերապատողը, ով լավ հասկանում է, թե որոնք են պատկերավոր գրքի առավելությունները տեքստայինի նկատմամբ:

«Մինչեւ հոգիների աճուրդը» գիրքը նվիրվում է «Հոգիների աճուրդը» ֆիլմի 100-ամյակին, ժապավեն, որը նախորդ դարի 20-ականներին այնքան մեծ համբավ էր ձեռք բերել Միացյալ Նահանգներում, որ կարճ ժամանակում շահույթը կազմել էր 30 մլն դոլար: Արշալույս Մարդիգարյանի նախաձեռնությամբ, այդ գումարները ծախսվել են Ցեղասպանությունը վերապրած երեխաներին սովից փրկելու համար: Արշալույսը նաեւ նկարահանվել էր գլխավոր դերում:

2,5 ժամ տեւողությամբ ժապավենից այսօր միայն 20 րոպեն է պահպանվել, փոխարենը Արշալույսի, նաեւ ֆիլմի ստեղծման պատմությունը շարունակում է ապրել նոր գրաֆիկական վեպում, այն առայնժմ միայն անգլերեն է, բայց նախատեսվում է թարգմանել նաեւ այլ լեզուներով: