Հայ-թուրքական հաշտեցումը պետք է «ընդունելի լինի» հասարակության համար

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է, առաջին հերթին, ընդունելի լինի Հայաստանի հասարակության համար:
«Ես բնական եմ համարում, որ այդ բանակցություններում կարող է առաջընթաց ապահովվել միայն մեկ դեպքումՙ եթե Հայաստանի հասարակությունը ընդունի այս հաշտեցումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց Զուրաբյանը: - «Այս առումով, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները վստահություն չեն ներշնչում, որովհետեւ, եթե նրանք ցանկանում են այս ծրագրի համար ապահովել հասարակության աջակցությունը, նրանք առաջին հերթին պետք է ապահովեին Հայաստանում ազգային հաշտեցման խնդիրը»:

«Միայն այն փաստը, որ 56 քաղբանտարկյալ այսօր դեռ մնում են բանտերում, նշանակում է, որ այդ պատերազմը սեփական ժողովրդի նկատմամբ այս կառավարությունր շարունակում է», - հավելեց ընդդիմադիր ուժի ղեկավար ներկայացուցիչը:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիպման ժամանակ, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

Հարցին, թե այդ հանդիպումից ստացված տպավորությամբ, մնո՞ւմ է արդյոք հետընտրական զարգացումների հետեւանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ուղղակի մի խնդիր կա. այն է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են օգտագործել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը որպես գործիքՙ Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացնելու նպատակով: Այսինքն, նրանք միջազգային հանրությանը ասում են հետեւյալլըՙ մենք այսպիսի մեծ գործ ենք անում, դա պետք է հնարավորություն ստեղծի, որ դեմոկրատական աշխարհը աչքեր փակի որոշ բռնաճնշումների վրա, որոնք Հայաստանի իշխանությունները կատարում են Հայաստանում: Բնականաբար, նման գործընթացը մենք չենք կարող ընդունել»:

Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների եւ, մասնավորապես, մամուլի այն հրապարակումների մասին, թե իշխանություններն արդեն սկսել են օգտագործել վարչական ռեսուրսը, Զուրաբյանը ասաց. - «Բազմաթիվ կեղծիքներ արդեն արձանագրվում են, այս փաստերի մասին մենք ամեն ինչ գիտենք: Մենք հիմա ստեղծում ենք արագ արձագանքման մի համակարգ, որը կզբաղվի ընտրակեղծիքների եւ խախտումների արձանագրմամբ»: