Ապրիլի 18-ի մամուլ

«Առավոտ»-ը ներկայացնում է վերլուծաբան Վլադիմիր Միլովի նկատառումները հետխորհրդային տարածքում հետընտրական նոր մեթոդաբանության մասին: Ըստ նրա, այս տեխնոլոգիայի էությունը պարզ է. - «Սկզբում իշխող ուժի օգտին կեղծվում են ընտրությունները, հետո բողոքող ընդդիմությունը խաղաղ ցուցարարների է դուրս բերում հրապարակ, իսկ հետո, չգիտես որտեղից, քաղաքի փողոցներում են հայտնվում ջարդարարների եւ սադրիչների խմբեր, որոնք սկսում են ավերել կառավարական շենքերը, իսկ դրանից հետո իշխանությունները խաղաղ ցուցարարներին անվանում են «անկարգությունների եւ ավերածությունների կազմակերպիչներ»՝ ցուցադրելով ավերված քաղաքի կադրերը եւ հանրության համակրանքն ուղղորդելով դեպի ավտորիտար իշխանությունը»: Վլադիմիր Միլովը նշել է, որ այս տեխնոլոգիան մեկ տարի առաջ հաջողությամբ փորձարկվել է Հայաստանում, իսկ այժմ՝ Մոլդովայում. - «Ե՛վ այն, ե՛ւ այս դեպքում ընդդիմության համար լիովին անսպասելի էր ջարդարար-սադրիչների հայտնությունը, ընդդիմությունը դրան պատրաստ չէր եւ կորցրեց իրավիճակի վերահսկողությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Առաջնորդվելով բացառապես շահերովՙ ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը իրենց բառապաշարից ջնջել են «զիջումներ» բառը: Այնինչ դա քաղաքական կյանքի կենտրոնական հասկացություններից մեկն է, միանման կարեւոր ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Լոկ այն տարբերությամբ, որ ընդդիմության համար զիջումներն այն են, ինչ անհրաժեշտ է պարտադրել իշխանությանը, այսինքնՙ ցանկալի բան, իսկ իշխանության համար այն է, ինչին գնալ ոչ մի դեպքում չի կարելի, այսինքնՙ ծայրաստիճան անցանկալի բան: Արդյունքում որոշումները կողմերն ընդունում են ելնելով ոչ թե նրանից, թե որքանով են դրանք խելամիտ ու օգտակար ժողովրդի եւ երկրի համար, այլ միանգամայն այլ նկատառումով. Որքանո՞վ դրանք կարող են համընկնել այն ամենի հետ, ինչը երբեւէ պահանջել է հակառակորդը: Չի՞ հանգեցնի արդյոք դա հետագա զիջումներիՙ ընդհուպ մինչեւ լիակատար կապիտուլյացիա»:

«Հրապարակ»-ը զրուցել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, որը «մեկը միլիոնի» է գնահատել հավանականությունը, թե կախված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի բովանդակությունից, Հայաստանի հարցը կարող է արտահերթության կարգով մտնել ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի օրակարգ. - «Նախեւառաջՙ կա ընթացակարգային գործընթաց, Մոնիտորինգի հանձնաժողովը չի կարող այդ հարցը մտցնել, քանի որ նստաշրջանի օրակարգը կհաստատվի շատ ավելի վաղ, քան հանձնաժողովի նիստը, իսկ արտահերթ հարց կամ ընթացիկ հարց կարող է լինել կանոնակարգը, սակայն դա լինում է միայն բացառիկ դեպքերում, երբ խնդիրը շատ հաճախ պայմանավորված է արտառոց դեպքերով եւ իրադարձություններով»: Հարությունյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ԵԽԽՎ-ում ասելո՞ւ են , որ 1643 բանաձեւի, մասնավորապես, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջները կատարված են, թե ոչՙ ասելով, որ դա կնշանակի ներկայացնել իր ապագա ելույթը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Արդեն իսկ ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության մարտավարությունը հիմնված է լինելու բացառապես խաբեության վրա: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, Հանրապետական կուսակցության գործունեության ամենաբնորոշ գիծը հենց խաբեությունն է, ընդ որումՙ բոլոր ոլորտներում: Օրինակ, կառավարությունը ծանրագույն ճգնաժամի պայմաններում մոտ երկուեւկես միլիոն դոլար է տրամադրում Գագիկ Բեգլարյանին եւ ձեւացնում է, թե դա անում է ընդամենը «քաղաքի կարիքների համար»: Բոլորը, իհարկե, հասկանում են այս պարզունակ խաբեությունը, մանավանդ որ տեսնում են, թե ինչպես է Բեգլարյանը ամեն օր այդ բյուջետային գումարներով քարոզչություն իրականացնում: Բայց սա է Հանրապետական կուսակցության գործելաոճը, ուրիշ բան չարժե սպասել»:

«Կապիտալ»-ը ներկայացնում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ելույթը երեկ Սլավոնական համալսարանում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ. - «Նախկին վարչապետը Հայաստանի տնտեսությանը տվել է «հոլանդական հիվանդություն» ախտորոշումը, քանի որ այն էապես կախված է մասնավոր տրանսֆերտների հսկայական ծավալներից: Ըստ նրա՝ Հայաստանը ստիպված է տասը տարով հետ գնալ և նորից դիմել տեղական արտադրողի պաշտպանությանը: «Պատճառն այն է, որ հստակ կողմնորոշիչների բացակայության հետևանքով մենք չկարողացանք խթանել արտահանումը»,- ասել է նա: Նա «չնչին» է անվանել ֆինանսական կենտրոն դառնալու Հայաստանի հնարավորությունները, քանի որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լինել առնվազն երկլեզու երկիր եւ ունենալ զարգացած ենթակառուցվածքներ: «Բացի այդ՝ Հայաստանում առկա է տոտալ ներդրումային քաղց, իսկ 350 մլն դոլար ծավալի ուղղակի արտասահմանյան ներդրումները պարզապես չնչին են երկիր մտնող մասնավոր տրանսֆերտների լույսի ներքո»,- ասել է Դարբինյանը»: