Ռուսաստանում մի հայ 3 միլիոն դոլար է շահել

«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ, Լենինգրադի մարզի Կոլպինո ավանում բնակվող հայազտի գործարար Ալբերտ Բեգրակյանը «Գոսլոտո» վիճակախաղով շահել է 100 միլիոն ռուբլի, ինչը հավասար է մոտ 3 միլիոն 30 հազար դոլարի:
«Լավ է, որ հեռուստացույցով չեմ դիտել խաղարկությունը, այլապես սրտի կաթված կստանայի», - ասել է Բեգրակյանը` հայտնելով, որ շահումից հետո մոտ 6 կիլոգրամ քաշ է կորցրել:

Նա թղթակցին պատմել է, որ շահած տոմսը Մոսկվա հասցնելու ուղին մի իսկական դետեկտիվ էր դարձել. Բեգրակյանը եւ իր կինը երկու շաբաթ տանը չեն քնել, նա հաճախ փոխել է բջջային հեռախոսը, որ «հանկարծ արբանյակով չգրանցեն», եւ Մոսկվա մեկնելու համար գնացքի տոմս չի գնել, իսկ վիճակախաղի տոմսը շապիկի մեջ է կարել:

«Գաղտնիք չէ, որ բնավ ոչ բոլորն են ուրախանալու, ասելու են, թե դա մեքենայություն է, նախանձելու են», - նկատել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակիցը: Ի պատասխան, Բեգրակյանն ասել է. - «Բարեկամներս եւ ազգականներս ուրախանալու են, իսկ նախանձ մարդիկ... ախր նրանք մինչ այդ էլ կային, պարզապես հիմա նրանց թիվը կավելանա: Ինձ համար էլ է հետաքրքիր շրջապատիս արձագանքը»:

Հայազգի գործարարի խոսքերով` ինքը մտադիր չէ խոշոր շահումի կապակցությամբ որեւէ բան փոխել իր կյանքում:

«Մենք տուն կգնենք, Հայաստանում քրոջս համար բնակարան, հորս համար` մեքենա: Ինձ համար էլ նորը կառնեմ: Ամառանոց կգնեմ, եթե փող մնա: Բացի այդ, երկու դուստր ունեմ, նրանց էլ պետք է ոտքի կանգնեցնել», - ասել է Ալբերտ Բեգրակյանը: