Կիրո Մանոյանը վստահ է, որ Օբաման «կկատարի իր խոստումը»

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի համոզմամբ, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կկատարի իր խոստումը եւ ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը:

Ինչպես Սենատում իր գործունեության ընթացքում, այնպես էլ նախագահական ընտրարշավում Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։

«Հայոց ցեղասպանությունը... լայնորեն վավերագրված փաստ է, որի օգտին խոսում են պատմական բազմաթիվ վկայություններ։ Ամերիկան արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին, եւ ով վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին։ Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը», - ըստ նախընտրական քարոզարշավի կայքէջի, անցած հունվարին ասել էր Օբաման։

Հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Օբաման վստահաբար օգտագործի «ցեղասպանություն» բառը, Կիրո Մանոյանը պատասխանեց. - «Դրա համար անհրաժեշտ է, որ Ամերիկայում հատկապես հայ համայնքը ակտիվ գործի, եւ անհրաժեշտ է, որ Ամերիկայում լսեն Հայաստանի նախագահի այն հայտարարությունները, որ նման ճանաչումները որեւէ բանակցությունների չեն խոչընդոտի»:

Կիրո Մանոյանի կարծիքով, եթե թուրքական կողմը, այնուամենայնիվ, կարողանա համոզել առաջիկա ապրիլի 24-ին չարտասանել «հայեց ցեղասպանություն» արտահայտությունը, ապա հայկական կողմը հայ-թուրքական բանակցային պրոցեսից այնքան էլ ուժեղացած դուրս չի գա, ինչպես վերջերս հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանոյանը, այդուհանդերձ, հավելեց, թե կիսում է նախագահ Սարգսյանի մոտեցումը այն առումով, որ աշխարհը կհամոզվի Երեւանի պատրաստականության եւ, հակառակը, Անկարային հարուցած խոչընդոտների մեջ:

«Այդ իմաստով կարելի է, որ ուժեղացած դուրս գանք», - ասաց Մանոյանը` շարունակելով. - «Եթե բանակցությունների խոչընդոտը Թուրքիան է, աշխարհը տեսնում է դա, որովհետեւ այնպես չէ, որ իսկապես գաղտնի են բանակցությունները»: