Նախագահի մեկ տարին

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, 9 ապրիլի, 2008 թ.

«Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ», - 2008 թվականի ապրիլի 9-ին` Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու երդմնակալության արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնից ոստիկանություն էր տարվել 10 մարդ, այդ թվում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հարձակման էր ենթարկվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրողը: Այս ամենը բնավ չի հիշեցնում խոստացված «սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը»:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր կարծիք հայտնեց, թե նախագահը հավատարիմ է մնացել իր խոստմանը:

«Ինքը բոլորի նախագահն է, գնաց երկխոսության ճանապարհով, հրավիրեց երկու կլոր սեղան` 50-ից ավելի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ստեղծվել է Հանրային խորհուրդը», - ասաց Շարմազանովը:

Այն, որ այդ 50-ից ավելի կուսակցությունների մեջ այդպես էլ չհայտնվեցին այն 18-ը, որոնք կազմում են Հայ ազգային կոնգրեսը, ՀՀԿ մամուլի խոսնակին չի անհանգստացնում: