Գյումրեցի ուսանողները մասնակցել են միջազգային մրցույթի

Մարտ ամսին 10 տարբեր երկրներից Բուլղարիա ժամանած 56 երիտասարդներ մասնակցել են Սոֆիայում կայացած “Հմտություններն աշխատանքում” բիզնես-առաջադրանք մրցույթին, որն իրականացվել է Բրիտանական խորհրդի եւ Եվրոպայի “Պատանեկան նվաճումներ” կազմակերպության կողմից։
Հայաստանից մրցույթին մասնակցում էին Գյումրիի տեխնիկական քոլեջի 5 սաներ, ովքեր հաղթել էին ազգային 3 փուլերում։

«Հմտություններ աշխատանքում» ծրագիրը Բրիտանական խորհրդի կողմից անցկացվող տարածաշրջանային ծրագիր է, որը կազմակերպվում է Հայաստանում եւ Հարավարեւելյան Եվրոպայի 19 երկրներում։ Այն միտված է զարգացնելու միջին մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երիտասարդներին դպրոցն ավարտելոց հետո հաջողության հասնելու համաշխարհային աշխատաշուկայում։

«Մրցույթը ազգային եւ միջազգային մրցույթների շարք է, որոնք նպատակաուղղված են խրախուսելու երիտասարդներին զարգացնելու նրանց ձեռնարկատիրական հմտությունները եւ աշխատունակությունը` գործատուների անմիջական ներգրավման շնորհիվ», - ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի։

Սոֆիայից հաղթանակով է վերադարձել Գյումրիի քոլեջի ուսանողուհի Աննա Սարգսյանը, ով իր ծրագիրն է ներկայացրել Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Սերբիայի քոլեջների ուսանողներից կազմված թիմի կազմում եւ գրավել 2-րդ տեղը։

«Մենք առաջադրանքների վրա աշխատել ենք 5 ժամ` մշակելով համապատասխան մարտավարություն էլեկտրոնային կառավարման վերաբերյալ։ Ժյուրին արժանի կերպով գնահատեց նորարար, արդյունավետ եւ կիրառելի բիզնես լուծումները», - նշեցին ուսանողները։

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի համոզմամբ, սա երիտասարդների համար մեծ հնարավորություն էր դրսեւորելու սեփական գիտելիքները եւ ապացուցել գործատուներին, որ բարձրագույն կրթություն ունենալը բնավ առավելություն չէ, եթե ունես փորձ, երեւակայություն եւ լիարժեք տիրապետում ես մասնագիտությանդ։