Օբամա. «Ես կուզեի կենտրոնանալ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա թուրք գործընկեր Աբդուլա Գյուլը Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ

«Ես իմ տեսակետները չեմ փոխել», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին։
«Ես իմ տեսակետները չեմ փոխել։ Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը։ Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել։ Այս պայմաններում ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա։ Ես նախագահին ասացի, որ ցանկանում եմ որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Հետաքրքիր է, որ Օբաման, խուսափելով իր տեսակետի վրա «կենտրոնանալուց», նաեւ խոսել է «կառուցողական դիրք բռնելու» մասին։ Կարելի՞ է ենթադրել, որ ապրիլի 24-ի իր ելույթում Օբաման կխուսափի Հայոց ցեղասպանություն արտահայտությունն օգտագործելուց՝ «որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն»։ Առայժմ այս մասին կարելի է միայն ենթադրություններ անել...

Ավելի ուշ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Բարաք Օբաման կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների խնդրին` մասնավորապես, հայտարարելով. - «Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ։ Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա` թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը։ [] Այնպես որ, ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ։ Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»։

Կից ներկայացնում եմ Թուրքիայի խորհրդարանում Օբամայի ելույթից 9 րոպե տեւողությամբ մի հատված: Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերոհիշյալ մեջբերումը կարելի է գտնել տեսանյութի 4-րդ րոպեից հետո: