Թուրքիայի իշխող կուսակցությունը հեշտությամբ չհաղթեց տեղական ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեեւ հաղթեց երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում` ստանալով քվեների ընդհանուր թվի 39 տոկոսը, բայցեւայնպես, կուսակցության արձանագրած արդյունքները շատ ավելի համեստ են, քան նախորդ համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել Ստամբուլում` ձայների ոչ մեծ տարբերությամբ, պարտություն կրեց երկրի մեծությամբ երրորդ եւ չորրորդ քաղաքներում` Իզմիրում ու Ադանայում, իսկ քրդաբնակ շրջաններում ձայների մեծամասնությունը ստացավ «Ժողովրդավարական հանրության կուսակցությունը», որը առավելապես քրդերով է համալրված: «Արդարություն եւ զարգացում»-ը պարտվել է նաեւ թուրքական Քուրդիստանի մայրաքաղաքը համարվող Դարբերքիրում:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Էրդողանը մամուլի ասուլիս հրավիրեց, որի ընթացքում հայտարարեց. - «Քվեարկության արդյունքները մեր ժողովրդի ուղերձն են, եւ մենք պետք է դրանից դասեր քաղենք: Կառավարության կազմում փոխատեղումներ կարող են լինել, չնայած դրանք ուղղակիորեն ընտրությունների արդյունքների հետ կապելն այնքան էլ ճիշտ չէր լինի»:

Հայաստանին անմիջականորեն սահմանակից շրջաններում` Իգդիրում եւ Կարսում, գործող քաղաքապետները ծանր պարտություն են կրել: Կարսում` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման սկզբունքային ջատագով, հայ - թուրքական բարեկամության հուշարձանի շինարարությունը նախաձեռնած գործող քաղաքապետը` Հանրապետական-Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Նաիֆ Ալիբեյօղլուն ստացել է քվեների ընդամենը 22 տոկոսը, եւ առաջիկա 5 տարիներին Կարսը ղեկավարելու են Էրդողանի կողմնակիցները: Քրդական «Ժողովրդավարական հանրության կուսակցության» թեկնածուն էլ պարտության է մատնել Իգդիրի իսլամիստ քաղաքապետ Նուրեդդին Արաշին:

Երեկվա քվեարկության ընթացում նաեւ մի շարք լուրջ ընդհարումներ են արձանագրվել, որոնց արդյուքնում զոհվել է 5 եւ վիրավորվել ավելի քան 100 մարդ: Ընդհարումների տեղի են ունեցել երկրի հարավարեւելյան շրջաններում` գյուղապետների տարբեր թեկնածուների կողմնակիցների միջեւ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա