Արազ Ազիմով. «Ադրբեջանի վերջնական նպատակը տարածքային ամբողջականության վերականգնումն է»

«Ադրբեջանի վերջնական նպատակը ոչ թե յոթ շրջանների վերադարձն է, այլ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն ու Ղարաբաղի երկու համայնքների միջեւ խաղաղության հաստատումը», - BBC ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Նրա խոսքով` այժմ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ընթանում են երեք ձեւաչափերով. - «Առաջինն ու ամենակարեւորը` նախագահների մակարդակն է, երկրորդը` արտաքին գործերի նախարարների հանդիպումներն են, եւ աշխատանքի երրորդ ձեւը, որ ընտրել են Մինսկի խմբի համանախագահները, պարբերական այցերն են տարածաշրջան»:

Ազիմովի փոխանցմամբ` այսօր բանակցությունների թիվ մեկ նպատակը կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն է. - «Երբ այդ սկզբունքները պատրաստ լինեն, հնարավոր կլինի հանգիստ աշխատել ավելի մանր դետալների վրա եւ ի վերջո խաղաղ համաձայնագրի մշակման նոր փուլ մուտք գործել: Դրանից հետո էլ մենք ավելի ընդարձակ ձեւաչափով կսկսենք աշխատել»:

BBC-ի թղթակցի հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի հասնել հիմնարար սկզբունքների մշակմանը, Ազիմովը հստակ պատասխան չի տվել` միայն ասելով. - «Նախագահները շարունակում են հանդիպել, եւ ես հավատում եմ, որ բարի կամքն ու արդարությունը տեսանելի ապագայում կհաղթանակեն»:

Արազ Ազիմովը նաեւ իր տեսակետն է հայտնել յոթ շրջաններից հայկական զորքերի դուրսբերման մեխանիզմի վերաբերյալ. - «Զորքերի դուրսբերման հստակ մշակված տարբերակներ արդեն իսկ կան: Ենթադրվում է, որ համաձայնագրի եւ դրան կից ժամանակացույցի առկայության դեպքում ինչ-որ մի պահի` այսպես կոչված X ժամից սկսած, կողմերը ռազմատեխնիկական տեղեկատվություն են փոխանակելու,հետագայում արդեն կմեկնարկի զորքերը դիրքերից հետ քաշելու բուն գործընթացը: Որպեսզի հայերը իմանան, որ զորքերը դուրս բերելու ընթացքում նրանց վրա որեւէ մեկը չի հարձակվի, երաշխիքներ են գործելու: Առաջին հերթին, դա համաձայնագիրը ստորագրած կողմերից մեկի` Ադրբեջանի երաշխիքներն են: Երկրորդ երաշխիքը այս գործընթացին միջագային կառույցների մասնակցությունն է, որը դրսեւորվելու է ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական մակարդակով»:

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալի հավաստմամբ` «երաշխիքները լինելու են միջազգային կառույցների, այդ թվում ԵԱՀԿ-ի գործողությունների, եւ եթե պահանջվի` նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների տեսքով»: Բացի այդ, ըստ նրա, «գործնական միջոցառումների մի ողջ համալիր է մշակվելու, որպեսզի զորքերի դուրսբերման ժամանակ ադրբեջանցիները հայերին կրնկակոխ չհետեւեն»:

Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը հաջորդելիք քայլերին, ապա, Ազիմովի կարծիքով, «անհրաժեշտ է լինելու ձեւավորել ապառազմականացված գոտի, որում պետք է ընդգրկվի նաեւ ղարաբաղյան տարածաշրջանը». - «Դա պետք է իրագործվի միջագային դիտորդների, անհրաժեշտության դեպքում` նաեւ միջագային խաղաղապահ ուժերի մասնակցությամբ:Դրանց թվաքանակն ու գործառույթները կհստակեցվեն ավելի ուշ»:

Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը այս հարցազրույցի ընթացքում ընդհանրապես չի խոսել Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ այն հստակեցնելու համար հանրաքվե անցկացնելու մասին` ակնարկելով միայն, որ այս բոլոր հարցերի մասին հնարավոր կլինի խոսել, երբ հստակեցվեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի` տարածաշրջան վերադառնալու մեխանիզմները»:

Արազ Ազիմովը, սակայն, խոստովանել է.- «Ցավոք սրտի, ադրբեջանական բնակչության` տարածաշրջան վերադառնալու հարցում մենք դեռեւս չենք հասել լիակատար հստակության ու փոխըմբռնման»:



Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա