Առաջին լուրը ստացվել է Աջարիայից, որտեղ ոստիկանները ձերբակալել են կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Զուրաբ Ավալիանիին: Նրանք պնդում են, որ Ավալիանիի տանը հրազեն են հայտնաբերել, սակայն ընդդիմությունը համոզված է, որ ակտիվիստին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ ընդդիմության առաջնորդներից մեկը` Նինո Բուրջանաձեն, ինչպես նաեւ նրա ամուսինը` Վրաստանի Սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն ենթադրում են, որ մոտ ապագայում իրենց էլ կձերբակալեն:
«Իմ նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին մեզ տեղեկացրել է, որ նախագահ Միխեիլ Սահականշվիլին իմ ձերբակալությունն է պահանջում: Մերաբիշվիլին ինձ խորհուրրդ է տալիս գոնե մեկ ամսով հեռանալ Վրաստանից, բայց ես ոչ մի տեղ մեկնելու մտադրություն չունեմ, ես սպասում եմ, թե երբ են ինձ ձերբակալելու», - ասել է Բուրջանաձեն եւ հեգնանքով հավելել. - «Չզարմանաք, հարգելի լրագրողներ եւ հանրություն, եթե այսօր կամ վաղն իմ գրպանում հայտնաբերվի թմրամիջոց, իսկ տանը` եթե ոչ ատոմային, ապա առնվազն քիմիական զենք»:
Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակը հայտարարել է, որ եթե այնուամենայնիվ ինքը, կամ իր ամուսինը իսկապես ձերբակալվեն` դա համաշխարհային սկանդալ կառնա:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա շատ խիստ է արտահայտվել իր երբեմնի քաղաքական զինակից Միխեիլ Սահակաշվիլիի մասին:
«Նախագահն իր գործողություններով եւ քաղաքականությամբ կործանել է իր քաղաքական կարիերան եւ ավերել է երկիրը: Որքան շուտ նա ազատի պաշտոնը, այնքան լավ իր եւ մեր երկրի համար», - ասել է Նինո Բուրջանաձեն:
Արմեն Քոլոյան, Պրահա