Մամուլի տեսություն

Մարտի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացած միջկուսակցական խորհրդակցությանը ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել: Այդ առթիվ Միացյալ աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը այսպիսի մեկնաբանություն է տվել «Առավոտ»-ին. - «Երեւի ընդդիմությունը չի զգում ճգնաժամը, երեւի ընդդիմությունը գտնում է, որ ճգնաժամի առկայությունը օգտակար գործոն է Հայաստանում: Ես գտնում եմ, որ ունենք լրջագույն պրոբլեմ, այդ պրոբլեմը վերաբերում է բոլորիս եւ ճիշտ է կածիքներ փոխանակելը, իրար նախազգուշացնելը, գուցե ինչ-որ մեկն ինչ-որ մի բան գիտի, որ պետք է իմանալ, ով էլ չգիտի` ասվի դրա մասին, որովհետեւ չեմ կարծում, որ ճգնաժամի սրացման պայմաններում ճգնաժամը տարբերակելու է, թե ովքեր որ կողմի վրա են, ինչ քաղաքական հայացքներ ունեն: Ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը որեւէ բան կամ որեւէ մեկին չի տարբերակելու եւ չի խնայելու. կապ չունի` կոմունի՞ստ ես, սպիտա՞կ ես, թե՞ կարմիր»:

«Հայոց աշխարհ»-ին նույն առիթով մեկնաբանություն է տվել Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը. - «Ինձ համար խորթ եւ անհասկանալի է, երբ առանձին գործընկերներ, չգիտես ինչու, անտեսեցին այս հույժ կարեւոր հանդիպումը: Մեր հայրենիքը հիվանդ է, եւ եթե դու հիվանդությունը մեղմելու դեղամիջոցն ունես եւ լռում ես, դա անհասկանալի է: Սա այն հրապարակն է, որտեղ կարելի էր գալ, ամենասուր քննադատությամբ հանդես գալ, ապա եզրակացություն անել՝ արժե՞ հույս կապել այս իշխանության, այս կառավարության հետ, թե՞ ոչ: Միայն այն, որ կառավարությունը պատրաստ է լսել այլակարծություն, պատրաստ է գործնական քննարկում ծավալել, այս փուլում ինձ լավատեսություն է հաղորդում»:

«Գոլոս Արմենիի» թերթը հաշվարկել է Երեւանի քաղաքապետի ընտրության ձայները. - «Ինչպես ենթադրում են փորձագետները, Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ իրավիճակը որոշ չափով փոխվել է եւ կոալիցիայի կուսակցությունները պետք է այլեւս մի կողմ դնեն ընտրությունների հանդեպ բարեհոգի վերաբերմունքը եւ ընտրարշավի քարոզչական փուլին մոտենան զինված եւ թեւքերը քշտած: Չմոռանանք, որ անցած ընտրություններին Տեր-Պետրոսյանը Երեւանում հավաքել էր ավելի քան 150 հազար ձայն, ինչը նոր ընտրական արշավի մեկնարկի համար լավ պահուստ է: Ընդ որում, այն ժամանակ նա պայքարում էր ոչ թե Գագիկ Բեգլարյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հարություն Քուշկյանի դեմ, այլ Սերժ Սարգսյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արթուր Բաղդասարյանի: Տարբերությունը, կարծում եմ ակնհայտ է, եւ այստեղից հետեւություն, որ գալիք ընտրություններում Գագիկ Բեգլարյանին թեթեւ կյանք չի սպասվում: Արդյունքում` երբեք չի կարելի բացառել, որ կոալիցիոն կուսակցությունները զուտ թվաբանորեն միասին կհավաքեն ձայների մինչեւ 60 տոկոսը, բայց եթե հանրապետականի ցուցակն այդ դեպքում հավաքի ավելի քան 40 տոկոս, ապա, համաձայն բոնուսային համակարգի, ընդդիմությունն ավտոմատ կերպուվ կունենա Երեւանի իր քաղաքապետին: Կառավարող կոալիցիայի համար դա, իհարկե, մեծ ցնցում կլինի»:

«7 օր»-ի այն հարցին, թե քաղաքական փորձի տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Բեգլարյանը համարժե՞ք մրցակիցներ են, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոստովանել է. - «Քաղաքական փորձի առումով Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Բեգլարյանը, իհարկե, մրցակիցներ չեն»: Ռազմիկ Զոհրաբյանը նշել է նաեւ, որ եթե քաղաքապետի ընտրություններում առաջին նախագահը հաղթանակի, ապա «գոհ կլինենք, կշնորհավորենք, չի հաղթանակի՝ իր խնդիրն է»։ Այդուհանդերձ, ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է, որ քաղաքացիական հասարակություն ձեւավորելը դժվար գործ է։ - «Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն էր, նա էլ էր ցանկանում քաղաքացիական հասարակություն ձեւավորել, բայց դե տեսաք, որ ամեն ինչ վերջացավ խաչելությամբ»,- ասել է Ռազմիկ Զոհրաբյանը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը փորձել է ներկայացնել իր տեղը քաղաքական դաշտում: - «Դուք Ձեզ հիմա ի՞նչ քաղաքական ուժ եք համարում», - հարցնում է լրագրողը: Պատասխան. - «Մենք իշխանություն չենք, ոչ Ազգային ժողովում ենք, ոչ կառավարության մեջ ենք, նույնիսկ այն, որ այս Հասարակական պալատի` Հանրային խորհրդի ժամանակավոր կոորդինացնող են ինձ նշանակել, չի նշանակում, որ կիսում ենք պատասխանատվություն կառավարության կամ իշխանությունների գործունեության համար: Իսկ դա ավտոմատ կերպով նշանակում է` ընդդիմություն, բայց ներկա պայմաններում ընդդիմությունը կենտրոնացված է մի բեւեռի վրա: Ոչինչ... Բայց մի բան հաստատ` մենք իշխանություն չենք»:


Աղասի Ենոքյան