Եվս մեկ անգամ ընդգծելով, որ դա շատ զգայուն հարց է պաշտոնական Անկարայի համար, Դավութօղլուն ասել է, թե, այդուամենայնիվ, «որեւէ բան չի կարող ստվերել Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցը»:
Թուրք դիվանագետը խուսափել է հստակ պատասխանել հարցին, թե արդյո՞ք այժմ Օբաման վերանայել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումները, սակայն նշել է, թե ԱՄՆ-ի նախագահի օգնականի հետ զրույցը եղել է «շատ բարեկամական եւ փոխհամաձայնեցված»:
Թե հատկապես ինչ են քննարկել Ջոնսն ու Դավութօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել: «Մեր ուշադրության կենտրոնում այժմ այն հարցն է, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները օգնել Հայաստանին ու Թուրքիային` միասնաբար հաշտվել անցյալի հետ», - ասել է խորհրդի խոսնակն ու հավելել. - «Կարեւոր է, որ այս երկրները կարողանան բաց եւ անկեղծ երկխոսություն վարել իրենց անցյալի վերաբերյալ»:
Թեմայի շուրջ մեկնաբանություններից հրաժարվել է նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: «Չէի ուզենա անդրադառնալ այդ խնդրին, քանի դեռ մենք մանրամասնորեն չենք անդրադարձել դրան եւ չենք քննարկել այն կառավարության հետ», - չորեքշաբթի օրը ասել էր Պետդեպարտամենտի խոսնակը:
Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այժմ պատեհ ժամանակ է Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը շրջանառության մեջ դնելու համար, ասել է. - «Բարաք Օբամայի առաջիկա այցը տարածաշրջան չի կարող ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, եւ այժմ Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր կշարունակեն հիմնավորել այդ պնդումը»:
Փելոսիի խոսնակն ասել է, թե տեղյակ չէ` այս պահին բանաձեւը քանի՞ աջակից ունի Կոնգրեսում, սակայն նշել է, որ այն մոտ ապագայում քվեարկության չի դրվելու:
Հեղինե Բունիաթյան, Պրահա