Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցի երկրի նախագահի նախաձեռնած խորհրդակցությանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի վաղը նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությանը` «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով` թեեւ հրավերներ ստացել են:

Հայ ազգային կոնգրեսից «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրին, որ ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերից, մասնավորապես, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, «Հանրապետություն»-ը, Հայաստանի լիբերալ կուսակցությունը ստացել են այդ խորհրդակցությանը մասնակցելու հրավեր: Սակայն, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, այդ կուսակցությունների ղեկավարները չեն մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը:

Հրավեր է ստացել նաեւ ՀԱԿ-ին անդամակցող «Ազատություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բարոյական չի համարում մասնակցել իշխանությունների հետ քննարկման, երբ իր ընկերները բանտերում են պահվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նույնպես ասաց, թե չի կարծում, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները կհամաձայնեն մասնակցել այդ խորհրդակցությանը. - «Ես գտնում եմ, որ այնտեղ ասելիք չկա, այնտեղ իմաստ չունի գնալ»:


Աստղիկ Բեդեւյան